Բանակը լուծարելու նոր օրենսդրական նախագի՞ծ. Ի՞նչ գաղտնի պլաններ ունի իշխանությունը
Մինչ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ իրականացվող իր մարզային այցերի ընթացքում իր ընտրողների ուղեղների մեջ արդեն աստիճանաբար մտցնում է բանակը վերացնելու տխմարագույն ու պետականակործան թեզը, զուգահեռ՝ իր կամակատար ֆրակցիայի միջոցով, փորձում է այն կյանքի կոչել արագորեն:
«Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- հայտարարել էր Փաշինյանը:
Թուրքական աշխարհի հետ սահմաններ ու չլուծված ռազմական կոնֆլիկտ ունեցող Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար փաստորեն երկրի անվտանգությունը գրոշի արժեք չունի, եթե վերջինս բանակային ծառայությունը գրավիչ դարձնելու համար որոշել է ըստ էության ոչնչացնել երկրի անվտանգության երաշխավոր հայկական զինուժը:
Իրականում բոլորն էլ, անշուշտ, հասկանում են, որ սա միգուցե ՀՀ քաղաքացիների՝ ցածր քաղաքացիական, իրավական ու անվտանգային գիտակցություն ունեցող որոշակի շերտի համար բավականին հարմար ընտրակաշառք է, իսկ վերջին 10 օրվա իրադարձությունների ֆոնին, երբ նախ ադրբեջանցիները մտան Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի ինքնիշխան տարածքներ ու դեռ դուրս չեն եկել, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ ստորագրելու է Ադրբեջանի հետ սահմանների գծման փաստաթուղթը, որը փաստորեն գաղտնի է բանակցվում, պարզ է դառնում, որ բանակի քայքայումը արդեն իսկ գծագրված որոշակի պայմանավորվածությունների արդյունք է:
Հասարակական բուռն ցասումն ու ընտրությունների հնարավոր ելքը հաշվի առնելով՝ մեկ անգամ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իր համար անցանկալի սցենարներից խուսափելու և իր տված խոստումներն իրականացնելու համար, 168.am-ի տեղեկություններով, օրենսդրական նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ:
Իշխանական խմբակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իմքայլականները նեղ, մասնավոր հանդիպումներում քննարկում են՝ մինչև արտահերթ ընտրություններ օրենք ընդունել պարտադիր զինծառայության ժամկետների կրճատման վերաբերյալ:
Մեզ ասացին, որ բարելավող նորմի հիմքով՝ այդ օրենքը կունենա նաև հետադարձ ուժ, ինչը այս իշխանություններին հնարավորություն կտա հազարավոր զինծառայողների ազատել ծառայությունից, իսկ դա ըստ էության նշանակում է լուծարել բանակը:
Ինչևէ, ժամանակը ցույց կտա այս ինֆորմացիայի իսկությունը, սակայն մեր դառը փորձը մեզ հուշում է, որ պետք է պատրաստ լինել իմքայլական իշխանությունների կողմից գրվող վատթարագույն սցենարներին: