Ինչո՞ւ են խզվել վաղեմի ընկերներ Գագիկ Ղազինյանի ու Գագիկ Ջհանգիրյանի հարաբերությունները
Մեր երկրում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանին իրար հետ կապել են տարիների ընկերությունը, հարևանությունն ու բարեկամությունը:
Թվում էր, թե արդեն պատկառելի կյանք ապրած այս երկու անձանց ընկերությունը հարատև կլինի, սակայն քաղաքական նպատակահարմարությունները Գագիկ Ջհանգիրյանին այս հարցում էլ «պարտադրեցին» գնալ էքստրեմալ լուծումների:
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի սրտի իրավաբան-գիտնական, ԲԴԽ ժ/պ Գագիկ Ջհանգիրյանն ու Գագիկ Ղազինյանը խզել են բոլոր կապերը, չեն շփվում միմյանց հետ, ու երկարամյա բարեկամության նման անփառունակ վախճանի նախաձեռնողն ամենևին Գագիկ Ղազինյանը չէ:
Ի դեպ, երբ ժամանակին Գագիկ Ղազինյանը չդարձավ ԵՊՀ ռեկտոր, շատերն ասում էին, որ դրա մեղավորը Գագիկ Ջհանգիրյանն է, որովհետև Իրավաբանության ֆակուլտետի ռեկտորն ի լուր ամենքի, միշտ և ամենուր հայտարարում էր, որ Գագիկ Ջհանգիրյանն իր ընկերն է և շարունակում է մնալ իր ընկերը:
Գագիկ Ջհանգիրյանը, սակայն, այս երկու անձանց մոտ կանգնած մեր աղբյուրի խոսքով՝ շատ արագ մոռացավ թե՛ ընկերությունը, և թե՛ այն բազմամյա աջակցությունը, որը Գագիկ Ղազինյանը մշտապես ցուցաբերել է իր «ընկերոջը»:
Կոնֆլիկտը հասունացել է այն ժամանակ, երբ նախորդ տարվա նոյեմբերի 12-ին ձերբակալվեց Գագիկ Ղազինյանի որդին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ում ձերբակալել էին ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող հանցակազմի շրջանակում (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը):
Նման պարագայում, այսինքն՝ երբ ինչ-որ մեկը խնդիրներ ունի, նեղության մեջ է, ընտանիքի բարեկամները, մտերիմներն ու հարազատ-հարևանները հավաքվում են տվյալ անձնավորության տանը, փորձում հասկանալ իրավիճակը և դրանից դուրս գալու ելքեր առաջարկում:
Այս պարագայում, սակայն, Գագիկ Ջհանգիրյանը, ով, ի դեպ, այդ ժամանակ դեռ Նիկոլ Փաշինյանի սրտի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող չէր, ոչ միայն չի գնում իր ընկերոջ տուն, տեսնի՝ ինչ է պատահել, ինչով կարող է իրավաբան-գիտնականն օգտակար լինել, ի վերջո, նրանց հետ միասին պայքարել ընկերոջ որդու ազատության համար, ով ակնհայտ քաղաքական դրդապատճառներով էր ձերբակալվել, այլև ինչ-որ մի շրջանակում ասում է՝ «Բա գնացել, ընդդիմադիր է դարձել, պիտի ձերբակալեն, բա ի՞նչ պիտի անեն»:
Եվ սա՝ այն դեպքում, երբ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալության, խուզարկությունների ժամանակ Գագիկ Ղազինյանն իր ընտանիքով մշտապես եղել է Ջհանգիրյանների կողքին:
Ասվածը, բնականաբար, հասնում է Գագիկ Ղազինյանին, ինչն էլ պատճառ է դառնում հարաբերությունների իսպառ խզման, որովհետև մեկ տարուց ավելի նրանց միջև արդեն իսկ շփում՝ որպես այդպիսին, չկար:
Մենք չփորձեցինք տեղեկատվությունը ստուգելու համար կապ հաստատել նաև Գագիկ Ղազինյանի հետ, նախ՝ որովհետև չենք կասկածում լուրի իսկությանը, բայց ավելի շատ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանին անհարմարություն չպատճառելու, նրան ևս մեկ անգամ հոգեբանական անհարմարություն չպատճառելու համար, որովհետև իսկապես դժվար է գիտակցել ու ևս մեկ անգամ վերհիշել, որ այդքան տարի ընկերություն ու բարեկամություն ես արել քաղաքական պատեհապաշտի հետ:
168.am-ը կապ հաստատեց Արթուր Ղազինյանի հետ՝ ցանկանալով ճշտել՝ տեղյա՞կ է արդյոք, որ Գագիկ Ջհանգիրյանն իր առնչությամբ նման արտահայտություն է արել:
«Չեմ լսել նման բան, բայց և չեմ բացառում»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ այլ մանրամասների չանդրադառնալով:
Ի դեպ, մեզ ասացին, որ Գագիկ Ջհանգիրյանը միշտ և ամենուր հայհոյում է Նիկոլ Փաշինյանին ու հայտարարում, որ ինքը չի սատարում նրան, բայց իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության չգալն է:
«Պաթոլոգիկ վախ ունի Քոչարյանից»,- եզրափակեց մեր աղբյուրը: