Խի՞ տվեցիք իմ երկիրը․․․ Լևոնի, Քոչարյանի, Սերժի վախտ մենք գլուխներս կա՞խ ենք ման եկել, սրանք չտես գյորմամիշի նման եկան՝ դառան իշխանության ղեկավար, չտես են սրանք, չտե՛ս․ քաղաքացիներ
Հայաստանում հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
168․am-ը պարբերաբար շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններով, ինչպես նաև տարբեր մարզերի քաղաքներով և գյուղերով, քաղաքացիներից հետաքրքրվում, թե արդյո՞ք մասնակցելու են ընտրություններին և մասնակցության դեպքում քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու։
Ավան վարչական շրջանի մի հատվածում երեկ էինք հարցում իրականացրել, և մեծամասնությունը պատասխանել էր, որ քվեարկելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և «Հայրենիք» կուսակցության համատեղ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, քանի որ ցուցակի 2-րդ տեղում նաև իրենց նախկին թաղապետ և Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է լինելու։ Որոշեցինք վարչական շրջանի մեկ այլ հատվածում էլ հարցում անցկացնել. պատկերը նույնն էր, հարցման մասնակիցների մեծամասնությունը «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին է քվեարկելու, մի մասն էլ որպես ՀՀ ապագա առաջնորդ՝ տեսնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Իհարկե, եղան նաև քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջև պատասխանել հարցերին։
«Բացի էս կապիտուլյանտներից․․․ Պետք է այնպես անենք, որ սրանք չվերարտադրվեն։ Տեսանք՝ այս 3 տարվա մեջ ոնց երկիրն ավերեց, 5000 երեխեքին էլ տարավ պառկացրեց ընդեղ, հենց առաջին պատճառը դա է, Արցախի հարցն էլ՝ մազից կախված, գերիների։ Ոչ մի հարց էսի չի կարում լուծի, էսի ո՞ւմա պետք վաբշե»,- ասացին միջին տարիքի տղամարդիկ։
Նրանցից մեկն ասաց, որ արդեն որոշել է, մասնակցելու է ընտրություններին և քվեարկելու է «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, իսկ մյուսը դեռ չէր կողմնորոշվել՝ ում է իր ձայնը տալու, բայց, որ այս իշխանությունները պետք է չլինեն՝ միանշանակ է։
Այգում նստած տարեց մի կին էլ ասաց․
«Նիկոլին որ չեմ ընտրում, պը՛րծ։ Հողերը տվեց, էդքան զոհեր գնացին»։
Տիկնոջ խոսքով՝ դեռ չի որոշել՝ ընտրություններին մասնակցի՞, թե՞ ոչ, բայց մասնակցելու դեպքում էլ կքվեարկի Ռոբերտ Քոչարյանի օգտին։
Երիտասարդ մի տղամարդ էլ ասաց, որ այս իրավիճակից ելքը տեսնում է «Պատիվ ունեմ» դաշինքի իշխանության գալով․
«Մասնակցելու ենք, «Պատիվ ունեմ» դաշինքին ենք ընտրելու, Տարոն Մարգարյանն այդ դաշինքի մեջ է, իրեն ենք ընտրելու, իրենց կողքը կանգնած ենք․․․ Ներկայիս իշխանությունները ոչ մի բան չեն արել, խոստումներ տվեցին, բայց եկան ի՞նչ արեցին, երկիրը ծախել են»։
Այս զրույցին կողքից հետևող մի տղամարդ բարկացած միջամտեց․
«Մենք պատիվ ունենք, եթե պատիվ ունենք, ուրեմն «Պատիվ ունեմ»-ին էլ ընտրելու ենք, թող գան տեր կանգնեն այս երկրին, այս ժողովրդին, վերջը ինչքա՞ն կարելի է սուտ մարդկանց հավատալ, խաբեցին, ժողովրդին կերան ուղղակի, կարելի՞ է խաբել մարդուն, ժողովրդին։ Հասկացանք՝ իշխանավոր եք, չտես գյորմամիշի նման եկան դառան իշխանության ղեկավար, չտես են սրանք, չտե՛ս։ Ոչ մեկի հետ ոչ ընկերություն են արել, ոչ կերել-խմել են, ոչ մի բան չեն արել»։
Տղամարդուց հետաքրքրվեցինք, թե այսօր իր համար ո՞րն է առաջնային խնդիրը․
«Ամենահիմնական խնդիրն իմ երկրի, իմ տարածքային ամբողջականության խնդիրն է, իմ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, ինչո՞ւ տվեց տարածքները, ինչի՞ համար։ Ես 2 պատերազմի մասնակից եմ, երրորդին չկարողացա գնամ, ինֆարկտ տարած մարդ եմ, էս ի՞նչ արեցին իմ երկրի գլխին, իմ սերունդները, իմ երեխեքը, թոռներն ի՞նչ են անելու․․․ Դուխով ենք, դուխով ենք… թող գան հենց ստե դուխով տղա տենան, թող գան աչքերիս մեջ նայեն, տենան՝ դուխով տղեն ո՞վ ա։ Ես վարդենիսցի տղա եմ, հլը թող մեկը գա ասի՝ քո աչքի վերևն ունք կա, խի՞ տվեցիք իմ երկիրը․․․ Էլ չեմ ասում, որ ընկերներ ունենք դրսում, ադրբեջանցի են տեսնում՝ ամոթու գլուխները կախում են, մենք ըտե՞նց ենք ման եկել, ո՞ր մեկի վախտ՝ Լևոնի վախտ, Քոչարյանի վախտ, Սերժի վախտ, ո՞ր մեկի վախտ ենք մենք գլուխներս կախ ման եկել, դուխներս՝ տեղը, շնորհքը՝ վրեքս։ Հլը հակառակը, 1994 թվի մայիսի 13-ին թռել եմ Մոսկվա, հրադադարը 12-ին էին կնքել, դու տենայիր մեր ուրախությունը, մեր քեֆը, էթում էինք թուրքերի օբյեկտ, մի հատ լավ ընկեր ունեմ, թուրքերին կանչում էր, ասում էր՝ մի հատ «Անդրանիկ փաշան» երգի, մի բան էլ տալիս էր, էն էլ ձենը քոքած՝ «Անդրանիկ փաշա» էր երգում․․․ Էդ տեսակ ազգից մենք խեղճացել, դարձել ենք կուռկուռի ձագ, ինչի՞ համար»։
Քաղաքացուց հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, այս 3 տարիների ընթացքում որևէ դրական փոփոխություն չի՞ եղել իր կյանքում, ինչին նա պատասխանեց․
«Պետք չի՛ մեզ դրական, գոնե բացասական չլիներ․․․»։
Մի կին էլ ասաց, որ արդեն 36 տարի է՝ Ավանում է ապրում, սակայն իրավիճակը երբեք այնքան վատ չի եղել, ինչպես վերջին 3 տարիներին․
«Ինչ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, ու մեր թաղապետը փոխվել է՝ ոչ մի բան, 3 տարի անտերության ենք մատնված։ Ընտրելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքը, Տարոն Մարգարյանին»։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ուզում է՝ այնպիսի մարդ գա իշխանության, որը կկարողանա պաշտպանի մեր պետականությունը։ Նա նաև ասաց, որ միայնակ մեծացնում է իր հաշմանդամության խնդիր ունեցող իր երեխային, և եթե նախկին իշխանություններն իր երեխայի համար ամեն ինչ անում էին, ապա վերջին 3 տարիներին որևէ մեկն իր դուռը չի բացել․
«Կորոնա եղավ, մի տարի է, պատերազմ եղավ, իմ դուռը ոչ մեկը չծեծեց էս թազա կառավարությունից, հաշմանդամությունը ոչ մեկը հաշվի չառավ, իսկ ես միայնակ մայր եմ, երեխուն մենակ եմ պահում։ Տարոն Մարգարյանի ժամանակ իմ երեխուն բանի տեղ էին դնում, իրենք էին իմ դուռը ծեծում, շատ-շատ բաներ են արել, շատ օգնություններ, իսկ հիմա թաղապետարանի դուռը մի տարվա մեջ 1 անգամ եմ բացել, այնպիսի այլանդակ ձևով են ինձ դուրս վռնդել, որ չեմ ուզում էդ թաղապետարանի դուռը բացեմ։ Ընտրություններին Տարոն Մարգարյանը որ կուսակցությունում կլինի՝ այն կուսակցությանն էլ անպայման ընտրելու եմ, տարբերություն չկա։ Թող լինի այնպիսի մարդ, որ հասկանանք՝ հայ ենք, ապրում ենք, մեր սահմանները չենք ծախում, արդեն մեզ են ծախում։ Նորմալ մարդ լինի, ոչ թե զոմբի, որ ծախի, արդեն հասել են մեր սահմաններին, չգիտենք՝ ի՞նչ անենք էս զոմբիների ձեռքը․․․»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում