«Տիգրանաշենը հանձնելու վերաբերյալ որևէ խոսակցություն չկա, որևէ տեղեկություն չունենք»․ համայնքի ղեկավար

Արդեն հինգերորդ օրն է,  ինչ թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել, և պատճառաբանելով, թե դրանք իրենց տարածքներն են, չեն հեռանում։ Այս ամենի ֆոնին տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքից դուրս գալու դիմաց հայկական կողմից պահանջել է մի քանի գյուղ, այդ թվում՝ Արարատի մարզից՝ Տիգրանաշենը՝ Քյարքին։

Արարատի մարզի Պարույր Սևակի խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում․

«Կարող եմ ասել՝ կոնկրետ մեր տարածքում ոչ մի փոփոխություն չկա, նույն կարգավիճակն է, ինչ որ եղել է, ոչ մի արտառոց բան չենք տեսնում կամ չենք իմանում, որ կարող ենք խուճապի մատնվենք։ Ճիշտ է, Սյունիքի հետ կապված վիճակը շատ անհանգստացնող է, բայց մեր տարածքում անհանգստացնող բան չենք նկատում այս պահին։ Ամեն դեպքում մեր տարածքից ցանկացած թիզ զիջելն էլ շատ վատ է․․․»։

Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե արդյոք վերջին օրերին կառավարությունից, մարզպետարանից աշխատակիցներ եղե՞լ են Տիգրանաշենում, որևէ քննարկում եղե՞լ է․

«Որ ասում եմ՝ ոչ մի անհանգստացնող բան չեմ նկատել, խոսքը նաև դրա մասին է, որ չկան նման բաներ, չկա որևէ բան, որ տանի այդ ուղղությամբ, կասկածներ լինեն․․․ Տիգրանաշենը հանձնելու վերաբերյալ որևէ խոսակցություն չկա, որևէ տեղեկություն չունենք»։

Տեսանյութեր

Լրահոս