«Կանգնած նայում ենք սարերին, պոստերին, ի՞նչ կլինի՝ չգիտենք»․ Կութի գյուղապետ

«Գյուղում նույն վիճակն է, ինչ անցած 3–4 օրերին ասել ենք, նույն ձև սպասողական վիճակ է, սպասում ենք․․․»,–  այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի համայնքապետ Սիմա Չիտչյանը՝ անդրադառնալով օրեր առաջ թշնամու առաջ գալու և գյուղի վերևի հատվածում, ընդամենը՝ 4–5 կիլոմետրի վրա տեղակայվելու հարցին։

«Ի՞նչ կլինի՝ չգիտենք, ի՞նչ կորոշվի՝ չգիտենք, կանգնած նայում ենք սարերին, պոստերին։ Իրենք վերևում են, մեր պոստերը՝ ներքևում։ Սպասողական վիճակ է․․․»,– հավելեց Սիմա Չիտչյանը։

Կութ համայնքի ղեկավարն անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե իբր գյուղի դպրոցում զորք է կուտակված, ասաց, որ դա իրականության հետ որևէ աղերս չունի․

«Երեխեքը դպրոցի դիմաց խաղում են, ծառատունկ է եղել, ծառերը ջրեցին ու դասի մտան։ Դպրոցը գործում է, բնականոն կյանքը շարունակվում է, խուճապ չկա գոյւղում»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել, պատճառաբանելով, թե դրանք իր տարածքներն են, հետևաբար չի հեռանալու։

Տեսանյութեր

Լրահոս