Բաժիններ՝

«Այս պահին որևէ բան դրա մասին մեզ չի հուշում». Առողջապահության նախարարը՝ Սիսիանում ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման հնարավոր փորձի մասին

Այսօր Կառավարության և Անվտանգության խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, որ Սիսիանում արձանագրված աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 296 դեպքի պատճառներն ուսումնասիրվում են: Հավանական պատճառ է դիտարկվում  ջրային գործոնը:

«Հաղորդագրություն էինք ստացել, որ մի քանի բնակիչ թունավորման որոշակի սիմպտոմներով դիմել էին հոսպիտալացման, մեր արագ արձագանքման խումբը մեկնել էր այնտեղ, վերցրել է նմուշներ ջրի բոլոր կետերից, և հիմա իրականացնում են փորձաքննություններ, շուտով դրանք կավարտվեն, և մենք համապարփակ ձևով տեղեկատվություն կներկայացնենք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել բնակավայրում, զինծառայողներ չեն տուժել: Լրագրողի հարցին, թե կասկած կա՞, որ սա կարող է ադրբեջանցիների կողմից թունավորման փորձ լինել, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց.

«Այս պահին որևէ բան դրա մասին մեզ չի հուշում, նշեմ, որ դա անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է, հիմա էլ մոտակա ժամերին կլինի փորձաքննության պատասխանը»:

Անահիտ Ավանեսյանը նաև ասաց, որ մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն մանրամասներ չհայտնեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս