Բաժիններ՝

«Հնարավո՞ր է՝ մարդը 6 ամիս տուն փող չտանի, ու ընտանիքն իրեն ընդունի. եթե մեր հարցը չլուծվի՝ վաղը նստացույց կանենք». «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանց խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերից իրենք աշխատավարձ չեն ստացել:

Ակցիայի մասնակիցներից երկուսին ընդունել է Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը և, ինչպես քաղաքացիները փոխանցեցին, խոստացել են աշխատանքային խումբ ձևավորել և վաղն իրենց ընդունել.

«Մեր հարցը կուսակցական խնդիրների հետ կապ չունի, մեր հարցը զուտ սոցիալական է, առաջին խնդիրը գործարանի աշխատողի աշխատավարձն է, երկրորդը՝ գործարանի անվտանգության ապահովումը: Վաղը քննարկում է լինելու և վերջնական ներկայացվելու է վարչապետին, թե քանի՞ օրում աշխատավարձի հարցը կլուծվի, ե՞րբ կլուծվի, ինձ թվում է՝ վաղը պարզ կլինի»:

Գործարանի աշխատակիցների խոսքով՝ խնդիրը ոչ միայն աշխատավարձի վճարումն է, այլև թե ո՞ւմ միջոցով պետք  վճարեն: Ասացին՝ գործարանում այս պահին 240-250 աշխատակից է, նախկինում 120 աշխատակցի աշխատավարձը կառավարությունն էր վճարում ԱԻՆ-ի միջոցով, իսկ հիմա դա էլ են թողել գործարանի վրա.

«Անցած տարվանից են փոխել վճարման ձևը: Վաղը քննարկման ժամանակ բոլոր խնդիրները մենք կասենք: Հիմա 240-250 հոգու աշխատավարձ, «Նաիրիտը» պետք է ապրանք ծախի, որ տա: Սնանկ գործարան է «Նաիրիտը», պետական սնանկ գործարան է, այսինքն՝ եղած-չեղածից պետք է ծախի, որ աշխատողին աշխատավարձ տա, էդ առնողներն էլ ընդեղ շարված չեն: «Նաիրիտն» այսօր դարձել է մի հատ դիակ, «Նաիրիտը» մեռած է, կամ պետք է տանեն հողի մեջ թաղեն, կամ պետք է տանեն կրիմատորիա՝ վառեն, ո՛չ էն են անում, ո՛չ էն են անում, թողել են՝ խոլերայի բուն…»:

Անդրադառնալով գորրծարանի անվտագությանը՝ նաիրիտցիներն ասացին, որ գործարանում 25.000 տոննա պայթյունավտանգ, քիմիական նյութեր կան, որը պետք է վնասազերծվի:

«Եթե մեր հարցերը չլուծվեն՝ վաղն անժամկետ նստացույց կանենք կառավարության դիմաց, մենք ժամանակ չունենք սպասելու, որովհետև 7 ամիս է՝ սպասել ենք… Հնարավո՞ր է՝ մարդը 6 ամիս տուն փող չտանի, ու այդ ընտանիքն իրեն ընդունի, ոչ մի ընտանիք էլ չի ընդունի»,- ասաց գործարանի մեկ այլ աշխատակից:

Գործարանի աշխատակիցներն ակցիան դադարեցրին և որոշեցին վաղն առավոտյան կրկին հավաքվել կառավարության շենքի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս