«Ադրբեջանում ինչո՞ւ գիտեին, որ մենք ծուղակում ենք, սա մտածելու առիթ է տալիս». «Հայրենիք» զորախմբի անդամը՝ Շուշիի դեպքերի մասին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության անդամ, Արցախյան 3 պատերազմների մասնակից Արտակ Ավետիսյանը պատմեց, որ երբեք չի մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին և միայն այս փուլում է որոշել դառնալ կուսակցության  մաս:

«Բաներ կան, որ ուղղակի ռազմի դաշտում չեն որոշվում, և երբեմն ապաշնորհ քաղաքական գործիչների, իշխանությունների պատճառով կարող են նաև մարտի դաշտում ռազմական ձեռքբերումները զրոյանալ, փոշիանալ, մի խոսքով, ունենք այն, ինչ ունենք, բոլորս մեզնից անկախ՝ դարձել ենք քաղաքականությամբ զբաղվող»,- ասաց Ավետիսյանը:

«Հայրենիք» կուսակցության անդամը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «ամեն ինչ քաոտիկ էր և անկազմակերպ»:

«21-րդ դարում, կանոնավոր բանակի պարագայում Շուշիում մարտերին մասնակցում էին տարաբնույթ կամավորական ջոկատներ, խմբեր, զորախմբեր, որոնք չունեին ընդհանուր հրամանատար, տրամաբանությունից դուրս բան եմ ասում, բայց այդպես էր: Կար Արցախի ԱԻՆ-ի տղաներից կազմված ջոկատ, ներքին զորքերի ջոկատ, Ստեփանակերտի մոբից ինչ-որ խումբ, մենք, թե՛ այդ հատվածում էր այդպես, թե՛ Շոշի հատվածում էր այդպես, նույնը եղել է նաև Մատաղիսի հատվածում, մեկը մյուսից տեղյակ չեն եղել, վիրավորներին հանելու խնդիր է եղել, բոլորի մոտ՝ նույն պատկերը, նույն կարմիր թելով, իսկ թե դավաճանություն է եղել, թե ոչ, սովոր չեմ պարզ պիտակավորումներ տալ, դավաճանությունը մի այնպիսի բան է, որ ապացուցողական որոշակի բաներ են պետք, առևերույթ շատ նման էր հստակ նախապատրատված դավաճանության, եթե ասեն՝ ապացուցիր, ստիպված պետք է պատմեմ՝ ինչ տեսել եմ»,- ասաց Ավետիսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ թիրախավորվեց «Հայրենիք» ջոկատը, Արտակ Ավետիսյանը պատասխանեց, որ թիրախավորումը սկսվեց, երբ քաղաքական ուժերը հայտարարեցին հանրահավաքների մեկնարկելու մասին, իսկ պատերազմն առիթ էր խոցելի մի բան գտնելու համար:

«Դժվար կլինի մեզանից այդ կերպարը ստանալ: Մանիպուլյացիա է: Երբ մենք Շուշիում էինք, մեզ հատուկ ուղարկեցին այնպիսի դիրքեր, որը պահելը բացառիկ հերոսություն պետք է լիներ, և որը պահվեց մեր կողմից, այդ պահին արդեն ադրբեջանական ԶԼՄ-ներում գնացել էր հաղորդագրություն, որ Վանեցյանի զորախումբը գլխովին ջախջախված է, մենք այդ պահին չէինք տեսել, բայց հետո արձանագրեցինք: Սա էլ մի առերևույթ ապացույց է, որ քեզ ուղարկում են մի տեղ, և Ադրբեջանում անմիջապես գնում է մի այդպիսի հայտարարություն: Մեզ ասացին՝ ադրբեջանցիների հետախույզներ են հայտնաբերվել՝ մի 50 հոգի, մեծ մասին ոչնչացրել են, մի 10 հոգու չափ թափառում են, գտեք ոչնչացրեք, երբ մենք մի 100 հոգով ուղղակի գնում էինք սանրելու տարածքը, պարզվեց, որ մեր դիմաց 1200 հոգանոց մինչև ատամները զինված հատուկջոկատայիններ են՝ թուրքական, ադրբեջանական համատեղ: Երևի իրենք մտածում էին, որ բնական է, այդ ծուղակից դուրս չենք գալու, շտապեցին ֆիքսել, իսկ թե Ադրբեջանում ինչո՞ւ գիտեին, որ մենք այդտեղ էինք, այդ ծուղակում, սա մտածելու առիթ է տալիս: Սովորական դավաճանություն, պատմությունը կապացուցի, կամ գուցե չապացուցի, թաղվի գնա, բայց բաներ կային, որ ամենամեղմ բնութագրմամբ խիստ տարօրինակ են»,- ասաց Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս