«Մի անգամ դա արդեն արել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ և հիմա չենք հաշտվելու պարտության հետ». Իշխան Սաղաթելյան

«Այսօր մեր ժողովրդի հաղթանակի օրն է, Շուշիի ազատագրման օրը, սակայն, այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը խլված է մեզանից: Հազարավոր նվիրյալների կյանքի գնով ազատագրված հայրենիքը կրկին հայտնվել է գերության մեջ: Խոցված է մեր արժանապատվությունը, մեզ փորձում են կոտրել ու ոչնչացնել: Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է»,- այսօր «Հայաստան» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից առաջ՝ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ արդեն Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ դաշինքով շարունակում են պայքարն ընդդեմ ստի, ամբոխավարության, անարդարության ու ապաշնորհության. «3 տարի շարունակ սրանց կողմից ներազգային ատելության սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարավոր զոհեր, կորուստներ և պարտություն: Ուստի մենք վերահաստատում ենք ուղիղ 6 ամիս առաջ սկսված մեր պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը: Պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած չարիքի իշխանությունը պետք է հեռացվի, մենք դա անելու ենք, անելու ենք միասին՝ հանուն Հայաստանի»:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ առաջիկա ընտրությունները սովորական չեն. «Սա մեր կյանքի ամենապատասխանատու ու ճակատագրական ընտրությունն է, սա ընտրություն է՝ ազգայինի և ազգադավի, արժանապատվության ու ստրկամտության, պատասխանատվության և ամբոխավարության, աշխատանքի և ձրիակերության, անկեղծության և ստախոսության, անվտանգ ապրելու և զարգանալու և անհեռանկար ապագայի միջև: Ի վերջո, սա պետություն ունենալ-չունենալու ընտրությունն է: Այս գիտակցումն է, որ ՀՅԴ-ին բերեց ուժերը համախմբելու, միասնական ճակատով հանդես գալու որոշմանը: ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ համատեղ դաշինքով: Մենք մեր ժողովրդին ներկայանում ենք հաղթանակներ կերտած, ճգնաժամեր հաղթահարած, պետության կառուցման գործում հաջողած, փորձով ու գիտելիքով, արժանապատվությամբ ու վճռականությամբ, հավատով ու գաղափարականությամբ օժտված հավաքականությամբ»:

Նա ընդգծեց՝ հրաշքներ չեն խոստանում, բայց երաշխավորում են քրտնաջան աշխատանքով արագորեն երկիրը դուրս բերել այս վիճակից և կառուցել ուժեղ Հայաստան. «Մենք դա մի անգամ արդեն արել ենք՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, պատրաստ ենք անել նաև հիմա՝ հանուն Հայաստանի, հանուն հայության, հանուն ներկայի և ապագայի: Մենք չենք հաշտվելու պարտության հետ, մենք ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք ՀՀ քաղաքացիների, բոլոր հայերի ազգային արժանապատվությունը: Մենք գալիս ենք հաստատելու արժանապատիվ խաղաղություն և ներազգային համերաշխություն: Մենք գալիս ենք ապահովելու տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն»:

Տեսանյութեր

Լրահոս