Վարչական դատարանի դատավորների թիվը ավելացնել 10-ով
Հիվանդություն ձեռք բերած, որպես դատավոր առնվազն 10 տարի պաշտոնավարած անձինք կկարողանան անցնել թոշակի
Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքում և ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը:
Ըստ այդմ, վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը մեղմելու և գործերի քննության միջին ժամկետները համեմատաբար կրճատելու նպատակով նախատեսվում է վարչական դատարանի դատավորների թիվը ավելացնել 10-ով:
ՀՀ վարչական դատարանը ներկայումս ունի 17 դատավոր։ 2011թ. ընթացքում փոխանցված և ստացված գործերի ընդհանուր թիվը ՀՀ վարչական դատարանում կազմել է 14 778, իսկ վճարման կարգադրություններինը` 73 426։ Այսինքն` յուրաքանչյուր դատավորի հաշվարկով տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմել է մոտ 850-1000 գործ և 4000-4500 վճարման կարգադրություն։
Կարգավորվում են նաև դատավորի կենսաթոշակի հետ կապված հարցերը, ինչը հնարավորություն կտա ապահովել դատավորների գործունեության նյութական և սոցիալական երաշխիքների միջազգային մոտեցումներին համահունչ համակարգ և տարբեր դատարանների դատավորների սոցիալական ապահովության հարցում` հավասարեցված մոտեցում։
Մասնավորապես, նախատեսվում է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով լիազորությունները դադարեցրած նախկին դատավորին վճարել կենսաթոշակ լիազորությունների դադարեցման պահից՝ հաշմանդամության կենսաթոշակից օգտվելու, այլ ոչ թե` տարիքային կենսաթոշակի հասնելու պահից:
Նախագծով սահմանվում է, որ որպես դատավոր առնվազն 10 տարի պաշտոնավարած այն անձանց համար, ովքեր ֆիզիկական արատի կամ հիվանդության պատճառով դադարեցնում են պաշտոնավարումը, նշանակվում է կենսաթոշակ՝ վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի ընդհանուր գումարի 55 տոկոսի չափով։ Կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ՀՀ դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը։
«Այս նախագիծը, ըստ էության, այս պահին խիստ արդիական է կառավարության համար` պայմանավորված մի քանի հանգամանքներով: Մեր գործող դատավորները որոշ դեպքերում ունենում են այնպիսի հիվանդություններ, որոնք, օրենքի հիման վրա սահմանված չափորոշիչների համաձայն, չեն բացառում նրանց որպես դատավոր պաշտոնավարելը, բայց այն պարագայում, եթե իրենք կամավոր գնան կենսաթոշակի, ապա իրենք զրկված են լինում իրենց կենսաթոշակից: Մենք ունեցել ենք անգամ դեպքեր, երբ Սյունիքի մարզում դատարանի նախագահին, չասեմ` հարկադրված, տեղափոխել ենք վերաքննիչ դատարան, որպեսզի այդ ծանրաբեռնվածությունը չլինի և ավելի հանգիստ պայմաններում աշխատանք իրականացնի»,-նախագիծը ԱԺ-ում ներկայացնելիս նշել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարը նշեց նաև, այսօրվա դրությամբ կան 7-8 դատավորներ, ովքեր, այս օրենքն ընդունվելու դեպքում, վերը նշված հիմքով կանցնեն թոշակի: «Բնականաբար, նրանց տեղը կփորձենք ավելի նոր` երիտասարդ կադրերով»,-ասաց Հ. Թովմասյանը: