Ինչ է լինում, երբ պետության գլուխը նույնացվում է պետության հետ
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն այսօր քաղաքական մի շարք ուժերի մասնակցությամբ կազմակերպել էր հրապարակային քննարկում` նոյեմբերի 8-ին ՀՅԴ ԳՄ-ի հրապարակած 7 կետերի հիման վրա նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական միասնական օրակարգ ձևավորելու նպատակով:
ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը բացման խոսքում այս կապակցությամբ նշեց, որ միայն ներկուսակցական քննարկումներով կամ առավել ևս կուլիսային պայմանավորվածությունների միջոցով որևէ մեկը չի կարող լուրջ հաջողություններ ակնկալել առաջիկա ընտրություններում:
«Անձնական, կուսակցական շահերը մի կողմ թողնելու, միասնական օրակարգով և հստակ ճանապարհային քարտեզով դեպի նախագահական ընտրություններ գնալու հրամայականի առջև ենք կանգնած»,- ասաց նա:
Իսկ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ իր ելույթում նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Դաշնակցությունը հանդիպել է բոլոր հիմնական քաղաքական ուժերի հետ, բացի ՀՀԿ-ից, և, ըստ նրա, այդ հանդիպումներն արդեն ուրվագծում են իրենց առաջ քաշած կարգախոսը, որը հնչեցրեց Արսեն Համբարձումյանը:
«Ընտրությունները սովորաբար ընդունակ են որոշակի փոփոխությունների ակնկալիք առաջացնել, բայց այս մեկն այդ ակնկալիքների նվազագույն աստիճանն արձանագրելու տեսակետից երևի աննախադեպ է: Պատճառը հստակ է. ընտրությունից ընտրություն մարդկանց վստահությունը դրանց նկատմամբ հասել է իր նվազագույն աստիճանին:
Այս անբարենպաստ մթնոլորտը փոխելուն և ընտրություններն օգտակար գործընթացի վերածելուն է ուղղված «միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ» կարգախոսով մեր նախաձեռնությունը: Այսպիսի իրական հնարավորություն մենք տեսնում ենք »,- նշեց Արմեն Ռուստամյանը` ավելացնելով, որ քաղաքական որևէ ուժ այսօր չի տիրապետում հասարակական այնպիսի վստահության, որպեսզի կարողանա ինքնուրույն հասնել հաջողության, և դա կարծես բոլորն են հասկանում:
«Եվ ամենակարևորն այն է, որ Հայաստանի ապագան մեզ համար հստակ է և կախված է նրանից, թե ապագա նախագահը որքանո՞վ կգիտակցի, որ այսպես շարունակել այլևս չի կարելի և ունի պատմական առաքելություն` կասեցնել այս կործանարար ընթացքը:
Մեր սերունդն այսօր ճաշակում է այդ կործանարար ընթացքի ամենադառը պտուղը` պետության և ժողովրդի օտարումը, իսկ դա սկսվեց, երբ իշխանությունը սկսեց հեռանալ ժողովրդից, հետո իշխանությունը նույնացավ պետության հետ, հիմա արդեն իշխող կուսակցությունն է նույնացել պետության հետ և իր հետ միասին պետությունն էլ օտարել է ժողովրդից:
Իսկ սրա վերջը պատմությունը հուշում է, թե ինչ է լինում. պետության գլուխն այնքան է նույնացվում պետության հետ, որ մի օր էլ այդ գլուխը հայտարարում է, որ պետությունը ես եմ: Այս ընթացքը փոխելու գործին է ուղղված 7 կետանոց մեր օրակարգը,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և միաժամանակ հավելեց,- Հնարավորինս լայն համաձայնության դժվարին, բայց իմաստալից ճանապարհը մեկն է` նախևառաջ հասնել այս միասնական օրակարգի ընդունմանը և դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցմանը, և միայն հետո հասնել համաձայնության միացյալ թեկնածուի վերաբերյալ: Հերթականությունը փոխելը փակուղի է»: