5 մեքենայից բաղկացած ավտոշարասյան սկզբում անցել է Սամվել Բալասանյանը. նոր մանրամասներ

Վրացական Ժդանովական գյուղում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած մահացու վրաերթի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԳԱԼԱ-ին:

Ըստ տեղեկությունների` Ժդանովական գյուղի բնակիչ 1933թ. ծնված Ռոզա Ներսիսյանին վթարի ենթարկած 1980թ. ծնված Զորիկ Պետրոսյանը գարեջրագործ է, նա աշխատում է Ջավախքի գարեջրի գործարանում, զբաղեցնում է պատասխանատու պաշտոն և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմներից է:

Ավտովթարի օրը Զորիկ Պետրոսյանը, ով Գյումրիի բնակիչ է, Սամվել Բալասանյանի շքախմբի հետ գնացել էր Ախալքալակ՝ մասնակցելու Սամվել Բալասանյանի ծանոթներից մեկի հուղարկավորությանը: Եվ Վրաստանից Հայաստան հետ վերադառնալու ժամանակ Ժդանովական գյուղում տեղի է ունեցել ավտովթարը:

Ինչպես galatv.am-ին պատմել են Ժդանովական գյուղի բնակիչները, 5 մեքենայից բաղկացած ավտոշարասյան սկզբում անցել է Սամվել Բալասանյանը:

Կարդացեք նաև

Նախավերջին մեքենայի՝ «Հյունդաի Սանտա Ֆե» մեքենան սեփական տան դիմաց, երբ կինը փորձել է հատել փողոցը, հարվածել է Ռոզա Ներսիսյանին:

«Էդ ձենից հարևանները դուրս են եկել ու տեսել, որ Ռոզան ընկած է, վարորդը մոտեցել է, որ օգնություն ցույց տա, տեսել է, որ մահացած է, չթողեց, որ էլ մարդ մոտ գա… Երբ որ խփել է համարները ավտոյի թռել են, իրանք՝ վերցրել են համարները, դրել ավտոյի մեջ»,- պատմել են Ժդանովականի բնակիչները:

Նրանք ասել են նաև, որ մահացած Ռոզա Ներսիսյանի հարազատները չեն բողոքել. «Ինչքան գիտեմ ՝չեն բողոքել, դե մեծ կնիկ է, եսիմ»,- ասել է Ռոզա Ներսիսյանի տղայի` Մաքսիմ Ներսիսյանի ընկերներից մեկը:

Ըստ տեղեկությունների՝ Սամվել Բալասանյանը եղելության մասին իմացել է Հայաստանի սահմանը հատելիս: Նրան զանգահարում է Զորիկը եւ տեղեկացնում, որ մարդ է գցել մեքենայի տակ:

Հիշեցնենք, որ galatv.am-ին կատարվածի մասին տեղեկություններ հաղորդել էր նաեւ Վրաստանի ոստիկանությունը՝ հաստատելով, որ վրաերթի ենթարկող քաղաքացին Զորիկ Պետրոսյանն է՝ Գյումրիի բնակիչ, ով աշխատում է Վրաստանում: Մեքենայի պետհամարանիշները եղել են հայկական, բայց գաղտնիությունից ելնելով` Վրաստանի ոստիկանությունը չի հրապարակում:

Տեսանյութեր

Լրահոս