ՀԱԿ-ը հետաձգեց մարտի 1-ի առևտուրը
Այսօր Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը ՀՀԿ խմբակցության հետ պայմանավորվածություն ձեռք բերեց Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով սստեղձելու նախաձեռնությունը մեկ տարով հետաձգելու մասին:
Պայմանավորվածությունը, գրեթե հանդիսավոր պայմաններում, ձեռք բերվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Մարտի 1-ի իրադարձություններից հետո որպես քաղբանտարկյալ ազատազրկված, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի միջև: Երկուստեք ներկայացվեցին հանձնաժողովի ստեղծման հետաձգումը հիմնավորող ինչ-որ փաստարկներ, ՀԱԿ-ը հավատաց ՀՀԿ-ի հավաստիացումներին և կառուցողականություն ցուցաբերելով՝ համաձայնեց մարտի 1-ի սպանությունների բացահայտումը (ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակը, ըստ էության, հենց դա է) հետաձգել ևս մեկ տարով:
Այսպիսով, ՀԱԿ-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Մարտի 1-ը, Մարտի 1-ի զոհերի հիշատակը հիշում են՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, նույնքան կոնյունկտուրային նպատակներով, որքան Մարտի 1-ի արդյունքում իշխանության եկած ՀՀԿ-ն: Բայց այս գործելակերպը ՀԱԿ-ի համար արդեն սովորական է դարձել, և դա այսօրվա հիմնական ինտրիգը չէր:
Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հետաձգումը շատերն արդեն հասցրել են որակել՝ որպես ՀԱԿ-ՀՀԿ համագործակցության դրսևորում`առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված որոշակի ենթատեքստում: Մասնավորապես, ոմանց կարծիքով, այս քայլով ՀԱԿ-ը ԲՀԿ-ին հիշեցրեց իր «գինը», ցույց տվեց, որ կարող է «քաղաքագիտական վերլուծություն իրականացնել» նաև ՀՀԿ-ի հետ: Իրականում, սակայն, այսօր խորհրդարանում ՀԱԿ-ՀՀԿ համաձայնությունից ամենաշատը շահում է հենց ԲՀԿ-ն:
Նախագահական ընտրություններից առաջ Մարտի 1-ի թեմայի քննարկման շրջանակներում, բնականաբար, ոչ միայն չէին շրջանցվելու, այլև ամենաշատը բարձրաձայնվելու էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունները, ում թիկնազորը, ինչպես ժամանակին պնդում էր ՀԱԿ-ը, մի քանի այլ օլիգարխների թիկնապահների հետ, ՊՆ-ից հանդերձանք և զենք էր ստացել՝ ժողովրդի վրա կրակելու համար: Ըստ ամենայնի, իր թեկնածությունն առաջադրել պատրաստվող Գագիկ Ծառուկյանի համար, մեղմ ասած, շահեկան չէր լինելու ընտրություններից առաջ իր և իր քաղաքական հովանավորյալ անունների քննարկումը տասը զոհերի պատճառ դարձած իրադարձությունների համատեքստում:
Այսինքն` իրականում մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հետաձգումից ամենաշատը շահում են ԲՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը:
Պետք է նկատել, սակայն, որ այսօր խորհրդարանում բեմադրվեց բավական մանրակրկիտ մշակված բազմաքայլ սցենարի վերջին արարը, որի նպատակը, թերևս, այն էր, որ ՀԱԿ-ՀՀԿ համաձայնության տակ ԲՀԿ-ի շահը չուրվագծվի: Դեռևս մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ն հայտարարեց, որ կողմ է քվեարկելու այս հանձնաժողովի ստեղծմանը, այսօրվա նիստին մասնակցելու համար ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը գրեթե օդում փոխեց իր ուղղությունը և վերադարձավ` մասնակցելու Պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստին:
Նույնիսկ Մարտի 1-ի գործողություններն անմիջականորեն ղեկավարածներից մեկին` ներկայումս ԲՀԿ-ական պատգամավոր, Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանին էր ԲՀԿ-ն հրահանգել ներկա գտնվել Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը կողմ քվեարկելու համար: Այսինքն` ԲՀԿ-ն ամբողջությամբ ապահովել էր «ալիբին», որպեսզի Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման հետաձգումը չկապվի իր անվան հետ: ՀԱԿ-ն էլ բավական «բարձր վարպետությամբ» իրականացրեց այս սցենարի շարունակությունը:
Այլ կերպ դժվար է գնահատել այն աննախադեպ հանդուրժողականությունը, որ ՀԱԿ-ը` ի դեմս ժամանակին Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հիմնական պահանջատերերից մեկի` Գագիկ Ջհանգիրյանի, ցուցաբերեց իշխանության առաջարկի նկատմամբ: Եթե չլիներ «քաղաքագիտական վերլուծությունը», եթե այդքան անհրաժեշտ չլիներ հանձնաժողովի ստեղծման հետաձգումը, դժվար չէ կռահել, թե ինչ որակումներով կբնորոշեին ՀԱԿ ներկայացուցիչները ՀՀԿ-ի այսօրվա քայլը. Մարտի 1-ի սպանություններն իրականացնողներին «պարտակելու հերթական փորձ», «Մարտի 1-ի զոհերի հիշատակը քաղաքական ճղճիմ նպատակներին ծառայեցնելու անբարոյական քայլ», և այլն:
Կարող է հարց ծագել` եթե այս հետաձգումն ավելի շատ ձեռնտու է ԲՀԿ-ին, այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ն համաձայնեց դրան` ակամա նպաստելով ԲՀԿ-ական սցենարին: Պատասխանը շատ պարզ է. անկախ նրանից, որ Մարտի 1-ի քննարկման ժամանակ ԲՀԿ-ի անունը կարող էր հնչել բացասական լույսի ներքո, այդպիսի լույսի ներքո էր հնչելու նաև ՀՀԿ-ի անունը, քանի որ 2008 թվականի մարտի 1-ի արդյունքում իշխանության է եկել Սերժ Սարգսյանը:
Մի խոսքով, ՀԱԿ-ը հերթական անգամ սակարկության հանեց Մարտի 1-ի թեման և այս անգամ այն վաճառեց ԲՀԿ-ին: Կամ՝ ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին՝ միասին վերցրած: