ՔԿԾ անձնակազմը Փաշինյանի նկատմամբ անզուսպ սիրո՞ւց է ներկա եղել մարտի 1-ի հանրահավաքին, թե՞ վերադասի հրահանգով
Նախորդ շաբաթ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ արդեն արտահերթ ընտրությունների հետ կապված՝ վարչական ռեսուրսի ներգրավման դեպքերի մասին է լսել:
«Ստացել եմ ահազանգեր, որ արդեն տարբեր դատապարտյալների, հիվանդանոցի փոխտնօրեն Սմբատ Բուլղադարյան, Նուբարաշենից՝ Գևորգ Վարոսյան, Նուբարաշենի, Արմավիր քրեակատարողականի ռեժիմի տարբեր աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին, կալանավորներին և ասում են՝ գիտեք, չէ՞, ում պետք է ընտրեք, նայեք՝ հա, չընտրեցիք՝ խնդիրներ կունենաք։ Ես հիմա խնդրում եմ, որ Արդարադատության նախարարը Քրեակատարողական վարչության ծառայության ղեկավարի հետ ճշտի, և արգելեն իրենց ենթականերին ճնշում գործադրել դատապարտյալի և կալանավորի կարգավիճակում գտնվող մարդկանց վրա, ասելով՝ նայի հա, գիտես, չէ՞, ինչ ես անելու, և ինչ եք ասելու ձեր հարազատներին, այլապես ռեժիմդ կխստացվի»,- ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքը չուշացավ: Բավականին ծավալուն գրառման մեջ ուշագրավը, սակայն, հետևյալ միտքն է.
«Քրեակատարողական ծառայողները որևէ քաղաքական պրոցեսում ներգրավված չեն, Քրեակատարողական ծառայությունն ապաքաղաքական մարմին է և այդպիսին լինելու է միշտ»:
Ռուստամ Բադասյանը, թերևս, մոռանում է, որ քրեակատարողական հիմնարկները փակ հաստատություններ են, իսկ փակ հաստատությունները ապրիորի չեն կարող լինել ապաքաղաքական: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ:
Հետաքրքիր է՝ այս հայտարարությունն անող նախարարը տեղյակ չէ՞, որ, օրինակ, վարչապետի աթոռը զբաղեցրած անձի կողմից «հրավիրված» և վարչական ռեսուրսի տոտալ, սանձարձակ կիրառմամբ իրականություն դարձած մարտի 1-ի հանրահավաքին ներկա են գտնվել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պետերը՝ քաղաքացիական հագուստով, թե՞ չի հիշում:
ՔԿՀ պետերը, ովքեր 22:00-ից շուտ ՔԿՀ-ների տարածքը չեն լքում, ուղիղ ժամը 18:00-ին կանգնած են եղել Հանրապետության հրապարակում: Առաջիկայում կփորձենք զրուցել նրանց հետ ու հասկանալ՝ ի՞նչն էր նրանց տարել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին՝ վերջինիս նկատմամբ անզուսպ սե՞րը, թե՞ ամեն դեպքում՝ վերադասի հրահանգը:
Բացի նրանցից, այդ հանրահավաքին ներկա են եղել նաև պաշտոնատար անձինք Քրեակատարողական ծառայության կենտրոնական ապարատից, ոչ համատարած, իհարկե, բայց ղեկավարության մտերիներին հրահանգված է եղել ներկա գտնվել: Հիմա սա ի՞նչ է, ապաքաղաքական կառո՞ւյց, թե՞ Նիկոլ Փաշինյանի բարձր տրամադրությունն ապահովող կամակատարների հավաքատեղի:
Կրկնում ենք, ՔԿԾ աշխատակիցներին հրահանգված է եղել ներկա գտնվել կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած անձի միջոցառմանը, մի բան, որի նախադեպը երբևէ Քրեակատարողական ծառայությունում չի եղել:
Այնպես որ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լավ կանի՝ որևէ բան հերքելուց առաջ հիշողության թարմացում անի: