«Ստացել եմ ահազանգեր՝ կալանավորներին ասում են՝ գիտեք, չէ՞՝ ում պետք է ընտրեք, այլապես ռեժիմդ կխստացվի». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց պատգամավորներին՝ վաղն առավոտյան կողմ քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու նախագծին, քանի որ առանց ռազմական դրության չեղարկման՝ չեն կարող սկսել Ազգային ժողովի լուծարման գործընթացը։

«Ռազմական դրությունը չէր հանվում  մեկ պատճառով, որովհետև օբյեկտիվ, լեգիտիմ մտավախություն կար, որ ընդդիմությունը նախաձեռնելու էր Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը։ Կհաջողեինք, չէինք հաջողի, ժողովուրդը կտեսներ, ժողովուրդը չէր տեսնի, ժողովուրդն իմաստուն է, և այլն, կերևար նախաձեռնությունների ժամանակ։ Այո՛, ռազմական դրությունը պահելու որևէ քաղաքական, իրավական նպատակահարմարություն չկա, որովհետև զորահավաքների սահմանափակումը հանված է, քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումը հանված է, հանրահավաքների արգելք չկա»։

Պատգամավորը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ երկրում արդեն  սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու ռեժիմը, ապա ներկայացրեց մի քանի ահազանգ, որոնք այսօր առավոտյան իրեն փոխանցել էին քրեակատարողական տարբեր հիմնարկներում պահվող դատապարտյալների հարազատները․

«Ստացել եմ ահազանգեր, որ արդեն տարբեր դատապարտյալների, հիվանդանոցի փոխտնօրեն Սմբատ Բուլղադարյան, Նուբարաշենից՝ Գևորգ Վարոսյան, Նուբարաշենի, Արմավիր քրեակատարողականի ռեժիմի տարբեր աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին, կալանավորներին և ասում են՝ գիտեք, չէ՞, ում պետք է ընտրեք, նայեք՝ հա, չընտրեցիք՝ խնդիրներ կունենաք։ Ես հիմա խնդրում եմ, որ արդարադատության նախարարը քրեակատարողական վարչության ծառայության ղեկավարի հետ ճշտի, և արգելեն իրենց ենթականերին ճնշում գործադրել դատապարտյալի և կալանավորի կարգավիճակում գտնվող մարդկանց վրա, ասելով՝ նայի հա, գիտես, չէ՞, ինչ ես անելու, և ինչ եք ասելու ձեր հարազատներին, այլապես ռեժիմդ կխստացվի»։

Նաիրա Զոհրաբյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեկ այլ խնդիր էլ առանձնացրեց՝ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի հետ․

«Առավոտվանից ԿԸՀ-ի կայքից բացակայում է ընտրողների ցուցակը։ Կայքն ամբողջապես աշխատում է, միայն ընտրողների ցուցակն է հանված, գրված է՝ տեխնիկական վերազինում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս