Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրիլի 1-ից կգործի ոչ անձնագրային ռեժիմ
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները 2021-ի ապրիլի 1-ից կկարողանան առանց անձնագրերի հատել երկու երկրների սահմանները, երկուշաբթի հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում։
«Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունը, որի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիներին թույլ է տրվում ճանապարհորդել երկրի ներսում կիրառվող ինքնությունը հաստատող նոր սերնդի վկայականներով, ուժի մեջ կմտնի 2021 թվականի ապրիլի 1-ից»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները երկու երկրների սահմաններն այսուհետ կկարողանան հատել առանց անձնագրերի անհրաժեշտության»։
«Նոր ընթացակարգը կամրապնդի Ադրբեջանի հետ մեր արդեն իսկ գոյություն ունեցող ամուր կապերը՝ արտահայտված «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»,- ասված է հայտարարության մեջ։