«Ավարտվել է պատերազմը՝ հակամարտությունը չի ավարտվել». ՀՀ արտգործնախարար

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ նկատեց՝ վերջին շրջանում Ալիևը շատ է խոսում խաղաղության գնալու, համակեցության  մասին, օգտագործում է  գեղեցիկ բառեր, սակայն դրան զուգահեռ՝ շարունակում է սպառնալիքներ ներկայացնել Սյունիքի ուղղությամբ, հրաժարվում է վերադարձնել գերիներին, և այլն։

«Այս ամենի կոնտեքստում Դուք ի՞նչ հնարավորություններ եք տեսնում՝ անվտանգության միջավայրի հետ կապված, Ադրբեջանի կողմից տեսնո՞ւմ եք այդ միջավայրի ուղղությամբ աշխատանք։ Առաջիկայում նախատեսված է ԱՊՀ արտգործնախարարների մակարդակով հանդիպում, հնարավո՞ր է նաև այդ շրջանակներում հանդիպում ադրբեջանցի Ձեր գործընկերոջ հետ»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Պատասխանելով՝ Արա Այվազյանն ասաց, որ Ադրբեջանը հանդես է գալիս իրարամերժ հայտարարություններով, մի կողմից՝ ցանկանում է միջազգային հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ հակամարտությունը լուծված է, և իրենք պատրաստվում են խաղաղության։ Սակայն մյուս կողմից՝ իր խոսքերն ու գործերը ճիշտ հակառակն են ցույց տալիս։

«Ադրբեջանի ականջ շոյող այդ հայտարարությունները հեռուն գնացող նպատակներ ունեն, բայց իրականությունն այդպես չէ։ Ավարտվել է պատերազմը՝ հակամարտությունը չի ավարտվել, դրա մասին ասում ենք ոչ միայն մենք, այլև միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահները։ Տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ձևավորելու համար, պետք է անպայման հասցեագրել ԼՂՀ ամենաառանցքային տարրը, որը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, որը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա, սա բոլորն են հասկանում»,- ասաց Արա Այվազյանը։

Այս ամենին հասնելու համար, ըստ նախարարի, պետք է վերականգնել վստահության մթնոլորտը, անհապաղ պետք է լուծվի Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց ու ռազմագերիների հարցը, ինչը հարևան երկրի կողմից կլինի դրական քայլ։

«Ինչ վերաբերում է շփումներին, այո, ապրիլի 1-ին մեկնում եմ Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ շրջանակներում ԱԳՆ նախարարների խորհրդի նիստին, այս պահին Ադրբեջանի արտգործնախարարի հետ առանձին որևէ շփում նախատեսված չէ, բայց խորհրդի նիստում, բնականաբար, կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ»,- հավելեց նախարարը։

Հիշեցնենք, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում  ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ներկայացրեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Տեսանյութեր

Լրահոս