«Ո՞նց կարող է լինել վստահություն մի իշխանության նկատմամբ, որը նույնիսկ պատերազմն է կեղծել». Ստեփան Ավագյան
Բիզնես խորհրդատու, հասարակական գործիչ Ստեփան Ավագյանի կարծիքով՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ չտիրապետելով իր ոլորտին՝ նաև ստում է:
«Ի պաշտոնե, ինչքան էլ պաշտոնյան չտիրապետի իր ոլորտին, միևնույն է, ինֆորմացիայի հոսք ստանում է և ունի բոլոր հնարավորություններն այդ ինֆորմացիան ստանալու, ըստ այդմ՝ տրամաբանական միտք կառուցելու: Ունենալով ողջ ինֆորմացիան՝ նա ստում է, սա ցինիզմի է նման: Լինելով նույն քաղաքական թիմի նախարար՝ իրենց քաղաքական թիմի առաջնորդի ասածների հետ էլ չի համընկնում Քերոբյանի ասածը:
Այսինքն՝ երբ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ասում է, թե տնտեսական աճ է եղել, ռեֆորմներ են լինելու և այլն, այս ամենը խոսում է ոչ թե նրա մասին, որ տնտեսությունը նվազել է, այլ աճել է և ռեֆորմների ընթացքում աճելու է, և այս դեպքում սխալ է եզրույթը, որ վերականգնվում է, եթե աճ է եղել, ի՞նչն է վերականգնվում: 2 սուտ է բացահայտվում՝ երկրի վարչապետն է ստել և շարունակում է ստել, նաև՝ նախարարը, քանի որ սա վերականգնում չէ: Իրականում համեմատելով 2021թ. հունվար-փետրվարը 2020թ. հունվար-փետրվարի հետ՝ 6.7 տոկոսով նվազել է տնտեսական ակտիվությունը, ինչի՞ մասին է խոսքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»:
Ստեփան Ավագյանը ճիշտ չի համարում նման հայտարարություններին խորը մասնագիտական գնահատական տալը՝ նկատելով. «Շատ ցածր մակարդակի եզրահանգումներ են նախարարի կողմից, որոնց անդրադառնալը սխալ է, լրջություն չկա դրա մեջ»:
Նա ընդգծեց՝ բիզնես ոլորտում ակտիվություն չկա, և այսպես շարունակվելու դեպքում՝ չի էլ լինելու.
«Այս պահի դրությամբ երկրում սպասողական վիճակ է: Բայց անդրադառնանք՝ ինչ է տեղի ունեցել մինչ այժմ: Նույն կորոնավիրուսը մեր երկրի տնտեսության վրա կրկնակի մեծ ազդեցություն ունեցավ, քան ամբողջ աշխարհում: Համաշխարհային տնտեսական ակտիվությունը նվազել է 4 տոկոսով, մեր երկրում՝ 8 տոկոսով: Նույնիսկ այդ մարտահրավերը Հայաստանում ոչ արդյունավետ է կառավարվել: Մենք առիթ ունեցել ենք զրուցել կորոնավիրուսի մասին, և ասել եմ, որ սխալ են կառավարվում տրամադրվող միջոցները, նաև՝ մեխանիզմներն են սխալ»:
Նրա դիտարկմամբ՝ տնտեսությունը չի կարող ակտիվանալ, չեն կարող լինել նոր ներդրումներ, բիզնեսը չի կարող ակտիվանալ, քանի որ չկա վստահություն.
«Ո՞նց կարող է լինել վստահություն մի իշխանության նկատմամբ, որը նույնիսկ պատերազմը կեղծել է: 44 օր սուտ լսեցինք: Հիմա նույնն արվում է տնտեսության ոլորտում, բոլոր ոլորտներում: Բոլոր ոլորտներում տնտեսական ակտիվությունը նվազել է, նույնիսկ ոլորտներ կան, որ երկնիշ է նվազել:
Դա լուրջ ներդրողների, գործարարների մոտ հակադարձ ռեակցիա է առաջացնում: Համաշխարհային բանկը հրապարակում է թվերը, մարդիկ մտնում, նայում են, համեմատում են ասածը՝ թվերի հետ, ասում են՝ ի՞նչ անենք այս երկրում: Եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, վիճակն ավելի է վատանալու»:
Ստեփան Ավագյանն ընդգծեց. «Գործող իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի տեսնենք՝ ինչ է հնարավոր անել: Իրենց մնալով՝ ոչինչ հնարավոր չէ: Նրանց՝ իշխանության մնալու ամեն ժամն աշխատում է հակառակ մեր պետությանը, անվտանգությանը, պետականությանը:
Մենք ունենք մարդկային ռեսուրսներ, որոնք ըստ ոլորտների՝ իրենց գիտելիքներով և կարողություններով այս իշխանությունների հեռացումից հետո կնպաստեն մեր երկրի զարգացմանը, անվտանգության ամրապնդմանը, նաև՝ արտաքին քաղաքականությանը, որովհետև արտաքին քաղաքականությունը ևս տապալված է: Իրենք սրա հետ համաձայն չեն, որովհետև իրենք չեն տապալել, իրենք հստակ ծրագիր են իրականացրել: Երբ մարդիկ ասում են՝ նրանք ապիկար են, ես ասում եմ՝ իրենք լավ էլ կարող են, ապիկար լինելով՝ չէին կարող հանձնել Արցախը, իրականում պետք էր «ուժեղ» լինել, չունենալ արժանիքներ, որպեսզի նման գործառույթը սահուն իրականացնեին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում