Ի՞նչ կլիներ ԽՍՀՄ ժողովուրդների հետ, եթե Լավրենտի Բերիայի ձերբակալման առաքելությունը չստանձներ մարշալ Ժուկովը

Խոհեր ներքաղաքական և հետպատերազմական զարգացումների շուրջ

Պատմության մեջ աննախընթաց է այն, որ պատերազմող պետության ռազմական ղեկավարությունը, մասնավորապես՝ նրա Գլխավոր շտաբը, բանակի կառավարման ղեկը վստահում, մասամբ էլ՝ հանձնում է քաղաքական ղեկավարությանը, որին էլ հետագայում վիճակված է լինելու կրել պատերազմում պարտության պատասխանատվությունը։ Համաշխարհային հազարամյա անցքերի ու ռազմական բախումների մեջ մինչ օրս արձանագրված չէ մի փաստ, համաձայն որի՝ որևէ քաղաքական ուժ կարողացել է առանց զինվորականների անմիջական մասնակցության ծրագրավորել և ռազմական գործողությունները ղեկավարելով՝ հանգեցնել դրանք հաղթական ավարտի։

Այդպիսին է նաև Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմում որպես վերջաբան՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին պարտադրված պարտության առեղծվածը։

Պատերազմը սեփական աթոռի, ստամոքսի համար մղվող էժանագին պայքարի աստիճանին հասցված, կեղծ ու նենգափոխված իշխանական պրոպագանդայի արդյունքում էլ հնարավոր եղավ սեփական ժողովրդին համոզել, թե պատերազմում պարտության մեղավորների մի մասը բարձրաստիճան զինվորական հրամանատարության և քաղաքական անմեղսունակների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների առկայությունն էր։ Այդ տարաձայնություններին դժվար է հավատալ։

Այն համոզիչ չէ այն պատճառով, քանզի յուրաքանչյուր պատերազմող պետության ղեկը հանձնվում է պաշտպանության գերատեսչության, հատկապես՝ Գլխավոր շտաբի տնօրինմանը։ Մնացած բոլոր ուժային կառույցները՝ ներքին զորքերը, անվտանգության ծառայությունները և բոլոր ուժային կառույցներն իրենց գործողությունները ծրագրում և իրականացնում են Գլխավոր շտաբի հետ ներդաշնակ։ Այդ ներդաշնակությունը պարտադրված է ներքին և արտաքին ախոյանի դեմ մղվող պայքարում հաջողության հասնելու հրամայականով։ Մինչդեռ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում ընթացող անցքերը հակառակն են հուշում։

Պատերազմի առաջին իսկ օրերին, բանականություն ունեցող և ոչ իշխանական լրատվամիջոցներից տեղեկություն ստացող յուրաքանչյուր ոք արդեն քաջատեղյակ էր, որ ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին հաջողության է հասնում։ Մինչդեռ պաշտոնական քարոզչությունը և օտար աղբյուրներից սնվող իշխանամերձ լրավամիջոցները շարքային քաղաքացիներին կերակրում էին այն ստահոդ պատրանքներով, որ Հայաստանն ի վիճակի է պատերազմել ու հաղթանակ տանել Ադրբեջանի և նրան օգնության եկած ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի՝ Թուրքիայի ու տարածաշրջան ներմուծված տարբեր պետությունների մարդասպան բաշիբոզուկների դեմ։

Այդ մասին տեղյակ էր նաև ՀՀ Գլխավոր շտաբն ու զինվորական ողջ ղեկավարությունը։ Արժեզուրկ են նաև այն պնդումները, որ գեներալների միջև առկա է ներկա ու նախկին լինելու հանգամանքը։ Բնավ նման տարբերություն գոյություն չունի։ Ավելին, ներկա և նախկին գեներալների միջև գերիշխում է նույն պարադոքսային նմանությունը՝ պարտությունը քաղաքականացնել՝ չընդունելով և անկարող լինելով հասկանալու այն ճշմարտությունը, որ պատերազմում պարտության գլխավոր մեղավորները ՀՀ գերագույն հրամանատարը և բանակի կառավարիչներն են։
Պատերազմի ընթացքի վերաբերյալ քարոզչությունը վարող Արծրուն Հովհաննիսյանն էլ, դժվար է հավատալ, որ գործում էր միայն Աննա Հակոբյանի հետ միասին։

Այն հանգամանքը, որ Գլխավոր շտաբն ու նրա ներկա ու նախկին պետերը թույլ տվեցին, որ բանակի կառավարումն անցնի քաղաքական ղեկավարությանը՝ խոսում է այն մասին, որ պատերազմում պարտության պլանավորումն իրականացվել է համատեղ ուժերով։ Կամա թե ակամա հարց է առաջանում. եթե բարձրաստիճան ղեկավարները, գտնվելով Լեռնային Ղարաբաղի բանակի կառավարման կենտրոնում, թույլ են տվել, որպեսզի իրենց այդտեղից վտարի, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ վարչապետի տիկինը, իմ մեջ վերահաստատում է այն համոզմունքը, որ տիկնայք գեներալների անմիջական մասնակցությամբ և թողտվությամբ էլ կատարվել է ոճիրը՝ հայ զինվորների սպանդը և տարածքների, այդ թվում՝ Շուշիի օտարումը։

Ինչո՞ւ զինվորականները, այդ թվում՝ Ջալալ Հարությունյանը, չեն հրաժարվում պարտված պատերազմի ընթացքում ստացած գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումներից:

Եթե Օնիկ Գասպարյանն ուներ արժանահավատ փաստեր այն մասին, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պարտադրված են պարտության ներքին դավաճանության և հինգերորդ էշելոնի գործունեության պատճառով, ապա նա իրավասու էր և ուներ բավական ուժ ձերբակալելու այդ էշելոնին և բանակը կառավարող տիկնանց։ Չանելով դա և չդիմելով ռազմական գլխավոր դաշնակից Ռուսաստանի օգնությանը, նա և իր ողջ շրջապատը նպաստել են Լեռնային Ղարաբաղում հայկական բանակի սպանդին։

Համոզիչ չէ նաև այն թատերական ներկայացումը, որը Գլխավոր շտաբը բեմականացրեց և իրականացրեց ՀՀ վարչապետի հետ ձեռք ձեռքի տված՝ բանակի և Նիկոլ Փաշինյանի հետ շինծու պայքարը, որի արդյունքում Օնիկ Գասպարյանը հեռանում է՝ որպես պատերազմում պարտություն կրած, բայց հերոսացած զինվորական, իսկ Նիկոլ Փաշինյանը ներկայանում է մի նոր լույսի ներքո՝ մարդ, որն ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը հաղթի, իսկ չհաջողվեց այն պատճառով, քանզի վխտում էին այն նենգ ու կաշառված գեներալները, որոնց զբաղմունքը դարձել էր սեփական կալվածքները կառավարելու էժանագին ֆեոդալի անփառունակ առաքելությունն ու վախճանը։
Զինվորականությունը դեռ կարող է քայլեր կատարել: Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ կրելու են ամբողջ պատասխանատվությունը՝ երկիրը կործանման հասցնելու համար:

Բանակ-Փաշինյան արհեստածին ու շինծու ճգնաժամի արդյունքում էլ Փաշինյանին հաջողվեց ամրապնդել պարտության պտուղները և քաղաքական դիակից վերածվել համբարձվող ուրվականի։

Քաղաքականության մեջ անհնարին ոչինչ չկա։ Ինչպես վերջին ամիսների դեպքերը Հայաստանում ապացուցեցին, Նիկոլ Փաշինյանը հետպատերազմական շրջանն օգտագործեց սեփական իշխանությունը ամրապնդելու համար, որի արդյունքը կլինի այն, որ նա կփորձի վերջնական հաղթանակ տանել։ Այդ հաղթանակը կամփոփվի խոստացված ընտրություններից հրաժարումով։

Մինչդեռ խաբված ժողովուրդը սպասում է հունիսի 20-ի ընտրություններին և զբաղված է մի նոր խաբկանքով՝ հետևելով ԳՇ պետի և այլ գեներալի շուրջ ծավալվող դատական գործընթացներին։

Կարծում եմ, որ մենք շուտով կկանգնենք մեզ պարտադրված մի նոր պատերազմի փաստի առջև, ավա՛ղ, գտնվելով ավելի թույլ դիրքերում։

Եվ վերջում. դժվար չէ պատկերացնել՝ ի՞նչ կլիներ ԽՍՀՄ ու նրա ժողովուրդների հետ, եթե Լավրենտի Բերիային ձերբակալելու առաքելությունը չղեկավարեր Երկրորդ աշխարհամարտի հերոսը՝ մարշալ Գեորգի Ժուկովը։
Նա էր, որ անձամբ ոլորեց Բերիայի ձեռքերը և նրան հանձնեց տրիբունալի։ Որևէ մեկը այդ ձերբակալությունը քաղաքական հեղաշրջման փորձ չդիտարկեց, ավելին, ընդունեց որպես ԽՍՀՄ-ն ու նրա ժողովուրդներին փրկելու միակ հնարավոր հանգուցալուծում։ Պատմության մեջ մարշալ Գեորգի Ժուկովը մնաց ոչ միայն նացիզմը ջախջախած առասպելական հերոս, այլ մի այր, որը սեփական ժողովրդին փրկեց ավելի վտանգավոր ու օտարածին՝ հինգերորդ էշելոնի հանձանակատար Լավրենտի Բերիայից և սպասվելիք աղետից։

Պ․գ․թ․ ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս