«Անթույլատրելի է որեւէ ոտնձգություն մեր հավատքի ու մեր դավանած արժեքների դեմ». Արթուր Խաչատրյանի հանդիպումը՝ կաթողիկոսի հետ
Այս օրերին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում ՌԴ երկրամասի հայկական համայնքի ղեկավար, հայ-ռուսական հասարակական գործիչ Արթուր Խաչատրյանը, որը հայրենիքի այս ճգնաժամային պայմաններում պատրաստակամ է իր կարողությունները, փորձն ու գիտելիքները ներդնել՝ իր նպաստն ու աջակցությունը բերելու մեր երկրի առջեւ ծառացած ներազգային, քաղաքական խնդիրներին պատշաճ լուծում գտնելու համար: Այդ նպատակով նա հանդիպումներ է ունեցել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ՝ բարձր գնահատելով նրանց ներդրած ջանքերը մեր երկրի սահմանների պաշտպանության ու հաղթանակների ամրագրման հարցում:
Հանդիպումների ընթացքում Արթուր Խաչատրյանը քննարկել է Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, հետպատերազմյան խնդիրները ու կոչ արել նախագահներին իրենց հարուստ կենսափորձն ու ողջ ներուժը ներդնել՝ երկիրը հետպատերազմական ցնցումներից հետ պահելու, տնտեսական, բարոյական ու հոգեբանական ճգնաժամից դուրս գալու համար. «Ես երկու նախագահներին առաջարկեցի իմ անվերապահ աջակցությունը ցանկացած հարցում, որը կօգնի դիմակայել մեր հայրենիքի զարգացմանը խոչընդոտող մարտահրավերներին: Հայաստանում եւ սփյուռքում բնակվող հայերի, ինչպես նաեւ արցախահայության միասնական ջանքերը համախմբելով՝ մենք կարող ենք ճիշտ ճանապարհ գտնել՝ ներքաղաքական խնդիրները հաղթահարելու եւ մեր երկիրը դուրս բերելու ստեղծված իրավիճակից»,- ասաց պարոն Խաչատրյանը:
Հանդիպումների շարքը Արթուր Խաչատրյանն ամփոփել է մեր սրբավայրում՝ Մայր աթոռում՝ հանդիպելով Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Արթուր Խաչատրյանը գտնում է, որ պատերազմում մեր պարտության հիմնական ու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մենք վերջին տարիներին չկարողացանք ճիշտ գնահատել մեր հոգեւոր արժեքները, մեր իրական հարստությունը ու հեռացանք մեր արմատներից. «Մեր գլխավոր հարստությունը քրիստոնեական արժեքներն են, որոնց մենք դավանում ենք: Մինչդեռ, վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, այն ատելության մթնոլորտը, միմյանց վարկաբեկելու ու զրպարտելու փորձերը, ընտանեկան արժեքները ոտնահարելը, կանանց, երեխաների կողմից հայհոյախառը գրառումները վկայում են այն մասին, որ մենք բարոյական խորը ճգնաժամի մեջ ենք ու արժեքային համակարգի առումով անկում ենք ապրում: Այդ ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանի:
Պատմական ամենածանր ժամանակաշրջաններում հայ ազգը գոյատեւել է իր հոգեւոր բարձր արժեքների շնորհիվ, եկեղեցու հետ կապի ամրապնդմամբ ու հավատարիմ մնալով քրիստոնեավայել կեցվածքի էությանը: Այս գիտակցումով էլ ես հանդիպեցի վեհափառ հայրապետի հետ՝ խնդրելով, որ աղոթի մեր ազգի լայնախոհության ու ճիշտ ուղու համար»,- ասաց պարոն Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում Արթուր Խաչատրյանն ասել է, որ այսօր անելիք ունի մեզանից յուրաքանչյուրը:
Մենք, լինելով հայ հասարակության մի մասնիկը պետք է այս դժվար օրերին ջանք ու եռանդ չխնայենք՝ հոգեւոր արժեքները քարոզելու ու հայ ազգին համախմբելու, տարատեսակ պառակտումներից հեռու պահելու համար. «Մեր ազգը պետք է վերադառնա իր արմատներին, վերարժեւորի իր անցած ճանապարհը ու պատմությունից դասեր քաղի»: