Ձևավորվող միջանցքը նպաստելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական մերձեցմանը. նպատակը Նախիջևանում թուրքական ռազմական բազայի ստեղծումն է. Վահե Դավթյան
«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն այս տարի կառուցվող Իգդիր-Կարս-Նախիջևան երկաթուղին կմիանա 2017 թ.-ին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն: Ձևավորվող միջանցքը նպաստելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական մերձեցմանը՝ ուղղված ոչ այնքան առևտրատնտեսական, որքան ռազմական համագործակցության խորացմանը: Հեռահար նպատակը Նախիջևանում թուրքական ռազմական բազայի ստեղծումն է, որն ապահովելու է Անկարայի աշխարհաքաղաքական առաջխաղացումը Մերձավոր Արևելքում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել Իրանի դեմ: Ու այս համատեքստում առավել քան տրամաբանական է տարածաշրջանային նոր ճարտարապետության ձևավորման գործընթացում Իսրայելի ակտիվացումը:
Բաքվում ու Անկարայում մեծ գոհունակությամբ հայտարարում են, որ Բաքու-Թբիլիսի-Կարս ու Իգդիր-Նախիջևան երկաթուղիների միացումը հնարավոր է դարձել բացառապես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտատրարության արդյունքում, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանն այլևս հանդես է գալիս որպես թուրք-ադրբեջանական մերձեցման համար անհրաժեշտ ռեսուրս, այլ ոչ թե սեփական շահը հետապնդող սուբյեկտ: Կարս-Գյումրի, ինչպես նաև Իջևան-Ղազախ երկաթուղիների բացման հարցի օրակարգից դուրս գտնվելը դրա վառ ապացույցներից է»: