Բաժիններ՝

«Գաղութի վերածված դպրոցը․ նորանշանակ տնօրենը ՔՊ-ական կապեր ունեցող ուսուցիչներ է ընդունել»․ Աբովյանի դպրոցի ուսուցիչներ

Աբովյանի N 1 ավագ դպրոցում, մեկուկես ամիս է՝ դասապրոցեսը խաթարված է, իսկ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը, որի նշանակումն ուսուցիչները կապում են Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ և պահանջում են նրա հրաժարականը, մի քանի ուսուցիչների աշխատանքից ազատել է, փոխարենը նոր՝ ՔՊ–ական կապեր ունեցող ուսուցիչների և փոխտնօրենների է ընդունել։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի տնտեսվար Նունե Քամալյանը, որը ևս աշխատանքից ազատվել է։

Նրանից հետաքրքրվեցինք, թե այս պահին քանի՞ աշխատակից է ազատվել աշխատանքից․

«Երկու փոխտնօրեններին առայժմ ազատել է պաշտոնից, թողել է՝ որպես ուսուցիչներ, իսկ դպրոցի նախկին տնօրեն, պատմության ուսուցչուհի Մետաքսյա Բաբայանին, պատմության մյուս ուսուցիչ Հայկ Փայտյանին, հայոց լեզվի ուսուցչուհի Կարինե Գրիգորյանին և ինձ աշխատանքից ազատել է, ընդ որում՝ ծանուցումը մեզ դռնապանի միջոցով է փոխանցել։ Նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը 2 նոր ուսուցիչ է ընդունել՝ պատմության և հայոց լեզվի, 2 ուսմասվար է ընդունել՝ իր աջակիցներից, որոնք համարվում են ՔՊ-ի անդամների կանայք, մտերիմներ։ Այսինքն՝ իր համար թիմ է ստեղծել»։

Քամալյանը հայտնեց, որ ուսուցչիչներն այսօր առավոտյան դպրոցից թողել և դուրս են եկել, երբ նորանշանակ տնօրենը հերթական անօրինականությունն է թույլ տվել․

«Անօրինական, բոլոր ուսուցիչներին տարել է, աշխատանքից ազատելու ծանուցում է տվել, ասել է՝ բացատրագիրներ գրեք, որ 3 օրվա ընթացքում տեղյակ լինեք, բայց ուսուցիչները չեն վերցրել, թողել ու դուրս են եկել, ասել են՝ պատշաճ ձևով ծանուցեք»։

Դպրոցի նախկին աշխատակցից հետաքրքրվեցինք, թե այս պահին արդյոք դպրոցում դասապրոցես ընթանո՞ւմ է, քանի որ օրեր առաջ տեղեկացել էինք, որ տարբեր դասարանների աշակերտների ՝ 10-րդ, 11-րդ, 12-րդ, նստեցնում են նույն դասարանում, որպեսզի դասապրոցես իրականացնեն․

«Հիմա էլ նույն իրավիճակն է, էլի տարբեր դասարանների աշակերտներ են, սակայն թույլ չեն տալիս, որ նկարենք, ոստիկանների շարասյունը կանգնած է, թույլ չեն տալիս նկարել»։

Դպրոցի ուսուցչուհիներից մեկն էլ մեզ հետ զրույցում հատուկ շեշտեց, որ ամեն օր առավոտյան ժամը 8։30-ից մինչև ժամը 14։00-ն 2 ՔՊ-ական վերահսկում են իրենց մուտքն ու ելքը, ապա դժգոհեց դպրոցում ծառայություն իրականացնող ոստիկանների պահվածքից․

«Երեկ դպրոցի բակում աշակերտների միջև վիճաբանություն եղավ, ոստիկանները դուրս չեկան երեխեքին բաժանելու, մենք ենք վազելով գնացել, մեր ուսուցիչն է մի կերպ բաժանել այդ երեխաներին։ Հրահրումը եղել էր հենց նորանշանակ տնօրենի կողմից, որովհետև այն երեխաները, որոնք չեն ուզել նստել դասին, բայց ուզել են իրենց դասարանի դուռը բացել և տեսնել, թե ինչ իրավիճակ է, նորանշանակ տնօրենն ասել է՝ ես եմ այստեղի ասողը, դուրս եկեք այստեղից, որից հետո սկսվել է վիճաբանությունն արդեն դրսում՝ աշակերտական 2 թիմերի միջև։ Մտանք դպրոց, ոստիկաններին հարցրեցինք՝ բա ինչո՞ւ դուրս չեկաք․ իրենց գործը միայն մի հոգու պաշտպանելն է, մի հոգու, եթե ձայններս մի փոքր բարձրանում է, ոստիկանները վազելով գնում՝ նորանշանակի կողքն են կանգնում»։

Ի դեպ, դպրոցի ուսուցիչներն այսօր էլ էին տեսանյութ հրապարակել և կից գրառում կատարել․

«Գաղութի վերածված դպրոցը և դասապրոցեսի իմիտացիան։ Ահա սա է իրական պատկերը․․․»։

Հիշեցնենք, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում փետրվարի 3-ից դասադուլ և գործադուլ է՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով։ Ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների ծնողների խոսքով՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքել է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, որը, ի դեպ, նույն ընտրություններում հավաքել էր 4 ձայն, այնքան, որքան հավաքել էր Քարմիլե Առաքելյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս