Սերժ Սարգսյանի տարբերությունը

2018 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացավ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ» արտահայտությամբ։

Անցած շուրջ երեք տարիներին այդ արտահայտությունը հազարավոր անգամներ վերլուծվեց, քննարկվեց, սակայն ինքը՝ Սերժ Սարգսյանը, դեռ չի պարզաբանել՝ ինչ նկատի ուներ այդ բազմիմաստ միտքն արտահայտելիս։

Չնայած դրան, նա այդուհանդերձ անցած երեք տարիներին իր ակտիվ կամ ոչ այնքան ակտիվ գործունեությունը կառուցում է «Նիկոլը սխալ էր/է, ես՝ ճիշտ» տրամաբանությամբ։

Եվ դա վերաբերում է առաջին հերթին ու առավելապես Արցախյան հարցին, ինչի մասին Սերժ Սարգսյանը խոսել է նաև այսօր իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությունից առաջ՝ դատարանի բակում։

«Հիշում եք՝ անցյալ տարի, հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ «դիզելի գործի» մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին. ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել: Բայց մենք` ձեզ հետ միասին, զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները: Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին. կային շատ ճչացող ապօրինություններ: Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր՝ վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը»,- ասել է Ս․ Սարգսյանը՝ հերթական անգամ ուղղակիորեն հասկացնելով, որ 2018 թվականի հեղափոխությունը կամ իշխանափոխությունն իրականում տեղի է ունեցել արցախյան հարցի ոչ հայանպաստ կարգավորման նպատակով, ինչն արձանագրվել է պատերազմի արդյունքներով:

Սերժ Սարգսյանի ուղերձն իրականում այն մասին է, որ ինքը ճիշտ էր՝ չհամաձայնելով արցախյան խնդրում հատել հայկական շահերի կարմիր գծերը, որոնք Նիկոլ Փաշինյանը սկզբից «հեղափոխությամբ», իսկ հետո՝ արյամբ և խայտառակ կապիտուլյացիայի միջոցով հատեց։

Դա է Նիկոլ Փաշինյանի մեծագույն սխալը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը։ Բայց նրա ներկայիս հայտարարությունները կարևոր են ոչ միայն անցյալի վերագնահատման և ճիշտ ու սխալի վերարժևորման տեսանկյունից։

Սերժ Սարգսյանը ոչ երկիմաստ հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվել, նա այդ մասին խոսում է միարժեքորեն, ի տարբերություն գործող իշխանությունների կցկտուր ու վախվորած հայտարարությունների, որ Արցախի կարգավիճակի հարցին հիմա պետք չէ անդրադառնալ։

«Եվ այսօր ևս ցանկանում եմ մի ուղերձ հղել: Ուղերձ՝ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի: Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է` լինեն նրանք Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, որի խոսքում խիստ ուշագրավ է «թե Հայաստանից դուրս գտնվող» շեշտադրումը, որն առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:

Իր գործունեության առանցքային նշաձողը հռչակելով Արցախի կարգավիճակը, Սերժ Սարգսյանն արձանագրում է, որ շարունակելու է քաղաքական պայքարը․

«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքով ապացուցել եմ` ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի՝ զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել»:

Սա ուղերձ է առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանին, իշխանությանը, բայց հավասարապես նաև վերջինիս դեմ պայքարող ընդդիմադիրներին, որոնցից Սերժ Սարգսյանը փաստորեն փորձում է տարանջատվել, առաջին հերթին, իր ներկայացրած քաղաքական հայտի բովանդակության, քաղաքական օրակարգի առումով։

Հայաստանի ներկայիս քաղաքական զարգացումների թաքնված կողմն այն է, որ գրեթե բոլորը խոսում են պատերազմի ու պարտության, Արցախի կորստի մասին, բայց իրականում այդ նույն գրեթե բոլորը հմտորեն շրջանցում են Արցախի ու նրա կարգավիճակի հարցը, որն իրականում կենսական նշանակություն ունի ոչ միայն՝ Արցախի, այլ նաև՝ Հայաստանի ներկայի ու ապագայի համար։

Իր այսօրվա հայտարարություններով Սերժ Սարգսյանը փորձում է առանձնանալ այդ ուժերից, որոնց մեծ մասը պայքարում է իշխանության գալու համար, այն դեպքում, երբ իր վերջին հարցազրույցում ինքը հայտարարել է, որ այլևս պետական պաշտոն չի զբաղեցնելու։

Սա չափազանց հետաքրքիր նրբերանգ է, որն իր ազդեցությունն է ունենալու՝ ինչպես ընթացիկ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման, այնպես էլ՝ հետագա գործընթացների վրա։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս