Ժամանակը սպառվում է

Սպառվում է ռուսական գազի ներմուծման գնի շուրջ վարվող բանակցությունների համար տրված եռամսյա ժամկետը։ Անցած տարվա վերջին, ինչպես հայտնի է, «Գազպրոմը» հայտարարեց Հայաստան գազի մատակարարման գործող պայմանագիրը 3 ամսով երկարաձգելու մասին։

««Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար»,- հայտարարեց «Գազպրոմը»։

Այդ ընթացքում նախատեսվում էր շարունակել բանակցությունները՝ մատակարարվող գազի գնի վերաբերյալ։ Գործող պայմանագիրը, որը ստորագրվել էր 2019թ. վերջին, մեկ տարի ժամկետով էր։ Այն պիտի ավարտվեր անցած տարվա դեկտեմբերի 31-ին և ստորագրվեր նոր պայմանագիր։

Բայց նոր պայմանագիր չստորագրվեց։ Որպես բարի կամքի դրսևորում՝ ռուսական կողմը 3 ամսով երկարաձգեց գործող պայմանագիրը։

Ժամկետն ավարտվում է մարտի 31-ին։ Դա նշանակում է, որ հաշված օրերի ընթացքում պետք է հստակեցվի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը։

Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մարտի 16-18-ը Ռուսաստան է գործուղվել պատվիրակություն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Թեև որոշման մեջ նշված չէ այցի բուն նպատակը, այնուհանդերձ՝ դատելով պատվիրակության կազմից, կարելի է ենթադրել, որ այն կապված է գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների հետ։ Մհեր Գրիգորյանը վերջին տարիներին այս հարցով հայկական կողմի գլխավոր բանակցողն է։ Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահը։

Թե այս անգամ ինչո՞վ կվերադառնա պատվիրակությունը Մոսկվայից, շուտով կիմանանք։ Մի բան փաստ է, որ մինչև հիմա վարվող բանակցությունները մեր օգտին չեն եղել։ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն այդպես էլ չհաջողվեց հասնել գազի ներմուծման գնի նվազեցման։

Ընդհակառակը՝ 2019թ. այն թանկացավ։ Ստորագրվեց պայմանագիր ներմուծման գինը 10 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ։ Եթե մինչ այդ Հայաստանը ռուսական գազը ստանում էր 150 դոլարով՝ սկսեց ստանալ 165 դոլարով։

Այդ գինը գործում է նաև այս պահին։ Սակայն այն սպասում է վերանայման։

Եթե չհաջողվի հասնել ներմուծման գնի նվազեցման, ապա դա  ազդելու է նաև ներքին սակագների վրա։ Նույնիսկ ներմուծման այսօրվա գնի պահպանումը հնարավորություն չի տալու խուսափել ներքին սակագների բարձրացումից։ Վերջին մի քանի ամիսներին արձանագրված դրամի արժեզրկումն էապես մեծացրել է ճնշումը գազի սակագնի վրա։ Գործող սակագները հաշվարկված են դոլարի դիմաց 480 դրամ փոխարժեքով։ Այնինչ՝ այսօր դոլարի գինը տատանվում է 525-530 դրամի միջակայքում։

Այսինքն՝ առնվազն 45-50 դրամով ավելի բարձր է, քան դոլարի այն փոխարժեքն է, որը դրված է գազի սակագնի հաշվարկման հիմքում։ Սա ֆինանսական լուրջ ծանրաբեռնվածություն է գազամատակարար ընկերության համար։

Միայն այդ հանգամանքը բավական է, որպեսզի նույնիսկ ներմուծման գնի պահպանման պարագայում հանգեցնի ներքին սակագների վերանայման։ Չհաշված, որ այլ առումներով, մասնավորապես՝ տնտեսական իրավիճակով պայմանավորված, ևս մեծացել է ճնշումը ներքին սակագների վրա։

Իսկ թե ինչ է նշանակում ներքին սակագների բարձրացումը սպառողների համար, դժվար չէ պատկերացնել՝ հատկապես այսօրվա տնտեսական ու սոցիալական իրավիճակում։ Տնտեսությունն առանց այդ էլ կաթվածահար վիճակում է, իսկ հասարակությունը կանգնած է սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կապված մի կողմից՝ ակտիվ գնաճի, մյուս կողմից՝ եկամուտների կրճատման հետ։ Դրանք նաև գազի նախորդ թանկացման հետևանքներն են, որոնք այսօր սպառողներն իրենց մաշկի վրա զգում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով։

Վերջին անգամ գազի սակագները վերանայվեցին անցած տարվա հուլիսին։ Այն ժամանակ արտաքուստ հաջողվեց խուսափել բնակչությանը մատակարարվող գազի թանկացումից։ Բարձրացվեց տնտեսությանը մատակարարվող գազի սակագինը։ Բայց դրա հետևանքներն այսօր կրում են՝ ինչպես տնտեսությունը, այնպես էլ՝ հասարակությունը։

Այս պայմաններում սակագների ևս մեկ բարձրացումը կործանարար ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա։ Առանց այդ էլ գազի սակագները լուրջ խոչընդոտ են բիզնեսի զարգացման և հայկական ապրանքների մրցունակության համար։ Այն անուղղակիորեն ազդում է՝ ինչպես ապրանքների ու ծառայությունների գների վրա, այնպես էլ՝ թանկացնում է հոսանքը։ Դրան մենք հերթական անգամ բախվեցինք վերջերս՝ փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձրացնելով էլեկտրաէներգիայի սակագինը։ Թեպետ դրանով ճնշումն էլեկտրաէներգիայի սակագների վրա չթուլացավ։ Այն շարունակում է մեծանալ՝ կապված էներգաարտադրության կառուցվածքի փոփոխության հետ։ Էժան հոսանքի փոխարեն՝ վերջին շրջանում ստիպված ենք ավելի շատ թանկ հոսանք սպառել։

Այսքանից հետո, հիմա կրկին կանգնել ենք գազի սակագնի բարձրացման ռիսկերի առաջ ու չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում։

Անցած տարվա սկզբին, երբ համաշխարհային շուկայում արձանագրվում էր էներգակիրների գների նվազում՝ Հայաստանի կառավարությունը շտապեց ուլտիմատում ներկայացնել Ռուսաստանին՝ գազի ներմուծման գինը նվազեցնելու համար։ Մհեր Գրիգորյանը նամակ գրեց «Գազպրոմի» վարչության նախագահին՝ առաջարկելով նոր իրողությունների պայմաններում սկսել բանակցություններ Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազեցման վերաբերյալ։ Այն ժամանակ չէին մտածում, որ գազի միջազգային գները կարող են նաև բարձրանալ։ Այն, ինչին հիմա ականատես ենք լինում։ Ու դրա հետևանքով «Գազպրոմն» այսօր հակված է գնալ մատակարարման գների բարձրացման։ Այս տարվա սկզբին արված գնահատումներով՝ ընկերությունը վերանայել է գազի արտահանման միջին գնի նախորդ կանխատեսումը։ Այն ժամանակ ակնկալիքը 170 դոլար էր, հիմա դարձել է 200 դոլար։

Դա ինչքանո՞վ կարտահայտվի նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա, կտեսնենք առաջիկայում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս