Ինտերպոլի «շառաչուն ապտակն» ու «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը
2019թ. նոյեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ:
Հետախուզում հայտարարելուց 1.5 ամիս անց 168.am-ը Ոստիկանությունից հետաքրքրվել էր, թե ինչու Գևորգ Կոստանյանը դեռ Հայաստանում չէ, ինչին ի պատասխան՝ հայտնել էին, թե միջոցառումներ են ձեռնարկում հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ:
Եվ չնայած Գևորգ Կոստանյանը ո՛չ հեռախոսահամարն էր փոխել, ո՛չ էլ բնակության և աշխատանքային հասցեները, և հայտարարել https://168.am/2020/02/03/1249029.html էր, որ պատրաստ է վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին, հետախուզում հայտարարելուց ավելի քան մեկ տարի անց Գևորգ Կոստանյանը Հայաստանում չէ:
2021թ. մարտի 1-ին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ ՀՀ դատախազությունը՝ ի դեմս դատախազ Ա. Մարգարյանի, պաշտոնապես հայտնել է, որ Գևորգ Կոստանյանը ՌԴ-ում հետախուզման մեջ չէ, ասել էր, ցույց էր տվել այդ փաստաթուղթը, հայտնել, որ կան նաև այլ փաստաթղթեր, որոնք խոստացել էր հրապարակել իր նախկին կոլեգաների հետ քննարկումներից հետո:
«ՌԴ իրավապահ մարմիններն ինձ հետախուզում չեն հայտարարել ի սկզբանե, որովհետև ի սկզբանե Հայաստանի դատախազությանն էլ պատասխանել են, որ Կոստանյան Գևորգի նկատմամբ մեղադրանքն ապօրինի է և չի բխում միջազգային կոնվենցիայի պահանջներից»,- ասել էր Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ էթիկայից ելնելով՝ դեռևս չի հրապարակում նաև այդ փաստաթուղթը:
Այսօր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց միջազգային քրեական ոստիկանության, այլ կերպ ասած՝ Ինտերպոլի փաստաթղթերը՝ ուղղված ՀՀ Ինտերպոլի ազգային բյուրոյին, որոնք ապացուցում են, որ Գևորգ Կոստանյանը հետախուզման մեջ չի եղել:
Փաստաթղթում նշված էր, որ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ Գևորգ Կոստանյանի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, որում ասվում է՝ «Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասայական բնույթի որևէ միջամտություն»:
«Գևորգ Կոստանյանի գործն Ինտերպոլի համար է քաղաքական… Պարզվում է, որ դեռևս 2020թ․ ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունն ըստ էության մերժել է Հայաստանի իրավապահներին՝ հետախուզել Գևորգ Կոստանյանին: Իսկ մենք լսում էին, որ Գլխավոր Դատախազությունը, ՀՔԾ-ն անընդհատ մեզ տեղեկացնում էին, որ հետախուզում են հայտարարել, այնինչ նրանք արդեն մերժվել էին և մերժվել էին այն հիմնավորմամբ, որ «քաղաքական գործ է, և մենք չենք հետախուզում այդ անձնավորությանը»: Ու ավելին, մերժել են նաև մեր երկրի հետ համագործակցել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թագուհի Թովմասյանը:
ԱԺ անկախ պատգամավորը նաև ներկայացրեց երկրորդ փաստաթուղթը, որի համաձայն՝ Ինտերպոլն իր բոլոր ստորաբաժանումներից պահանջել է իրենց բազաներից հանել Գևորգ Կոստանյանի վերաբերյալ բոլոր տեղեկությունները ու ընդհանրապես չարգելել նրա տեղաշարժը:
«Պարզ ասած՝ Միջազգային քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը, համարում է, որ Հայաստանի դատախազությունը և ՀՔԾ-ն անհիմն գործ են, ըստ էության, սարքել, և այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել… Հիմա ի՞նչ է ստացվում, որ, ըստ էության, մեր երկու պետական կարևորագույն գերատեսչությունները մեզ ստել են, որովհետև նախ կա քաղաքական ակնհայտ հնչերանգ, որը նկատել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունը և դադարեցրել մեր երկրի հետ համագործակցությունը, և երկրորդը, փաստորեն այդ մեղադրանքները, որ ասում էին՝ «միջազգային կոնվենցիաներով, բոլոր փաստաթղթերով հիմնավորված են», ըստ էության այդքան էլ այդպես չեն…
30 տարվա մեր պատմության մեջ այսպիսի բան չի եղել: Առաջին անգամ է, որ միջազգային այսպիսի հեղինակավոր կազմակերպությունն ըստ էության արձանագրում է, որ Հայաստանում իրականացվում է քաղաքական հետապնդում, և մերժում է իշխանությունների հետ համագործակցությունը…
Փաստորեն մենք «Մարտի 1»-ի գործով ունենք քաղաքական հետապնդվողներ… Ու այսպես ստացվում է, որ միակ բանը, որ այս պահին բացահայտված է «Մարտի 1»-ի գործով դա այն է, որ, ըստ էության, մենք ունենք քաղաքական հալածյալներ: Բայց գործի մասով բացահայտում, ինչպես նշեցի, ամենակարևորը՝ սպանությունների մասով՝ մենք չունենք»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով՝ Միջազգային քրեական ոստիկանությունը մեզ Դատախազության և ՀՔԾ-ի շնորհիվ տվեց «շառաչուն ապտակ», որից պետք է լուրջ հետևություններ անել: Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու մի զանգով արդարադատության վերացման մասին խոսող իշխանությունը, ըստ պատգամավորի, մերժում է ստացել միջազգային իրավական կազմակերպության կողմից՝ երկրի հեղինակությանը սպառնացող լուրջ արձանագրում ներառելով: Պատգամավորը նաև հայտնեց, որ ձեռքի տակ ունի այլ փաստաթղթեր, որոնք կհրապարակի՝ ըստ անհրաժեշտության:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում