Մրցաշրջանի մեկնարկում մենք մեծ նպատակներ ունեինք. Թադե Քեշիշյան
Հայաստանի բասկետբոլի առաջնության նորընծա չեմպիոն Թադե Քեշիշյանի կարծիքով «Վահագնի սիթի»-ին արժանիորեն է դարձել երկրի չեմպիոն:
«Ես շատ երջանիկ եմ Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Դեռևս երկու տարի առաջ «Ուրարտու»-ի կազմում հասել էի եզրափակիչ, սակայն պարտվեցինք: Կարծես ռևանշի հասած լինեմ` չեմպիոն եմ: Մրցաշրջանի մեկնարկում մենք մեծ նպատակներ ունեինք: Հպարտորեն կարող եմ ասել, որ մեր ծանր աշխատանքը վարձատրվեց»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քեշիշյանը:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2020/21 մրցաշրջանի չեմպիոնը «Վահագնի սիթի»-ն է: եզրափակիչ շարքի հերթական խաղի մեկնարկային քառորդում հավասար պայքար էր ծավալվել՝ 15:18: Երկրորդ կեսում «Դվին»-ն առաջ էր հաշվի մեջ, սակայն «Վահագնի սիթի»-ն ոտնակոխ հետևում էր և քառորդի ավարտին «Վահագնի սիթի»-ն առաջ անցավ հաշվի մեջ՝ 36:31: Երրորդ քառորդում «Վահագնի սիթի»-ն մեծացրեց առավելությունը և առաջ էր 8 միավորով՝ 62:54 հաշվով: Վերջին քառորդում «Դվին»-ը շեշտը դրել էր 3 միավորանոց նետումների վրա, որոնք, երբեմն, անհաջող էին: Ի վերջո ստեղծման առաջին իսկ տարում «Վահագնի սիթի»-ն եզրափակչի որոշիչ խաղում հաղթեց 87:80 հաշվով և դարձավ Հայաստանի կանոնավոր առաջնության 2020/2021 մրցաշրջանի հաղթող:
Մրցաշրջանի լավագույն հայ բասկետբոլիստը Թադե Քեշիշյանն է, լավագույն խաղարկողը` Ջորդան Վաթսոնը, լավագույն «թեթև» հարձակվողը` Լոգան Պրիմերանոն, լավագույն «ծանր» հարձակվողը` Ջորդան Վաթսոնը, լավագույն կենտրանական խաղացողը` Դավիթ Խաչատրյանը, Մ20 տարեկան լավագույն խաղացողը` Դավիթ Քարամյանը, լավագույն մարզիչը` Տիգրան Գյոկչյանը, MVP-ն` Դարիուս Կլարկ: