«Մենք մեր երկրի մասի՞ն ենք մտածում, թե՞ մտածում ենք՝ դառնանք թուրքական վիլայեթ». Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանին և քաղաքական ուժերին մի սեղանի շուրջ նստեցնելու որևէ փորձ նախաձեռնել, որովհետև ինքն էլ է համարում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա:

«Պարտված կողմը չի կարող լավ բանակցող լինել, իսկ մեզ բանակցություններ են անհրաժեշտ: Պարտված կողմը պետք է ձայնը բարձրացնի, լսելի դառնա, որ մեր բարոյահոգեբանական վիճակից օգնի մեզ դուրս գալ, բայց Ալիևն ինչ ասես՝ ասում է, ոչ մի բան չեն պատասխանում, և այստեղ կա խնդիր: Այնպես որ, մաղթում եմ, որ գիտակցված, խաղաղ հեռանան և նպաստեն, որ ամեն ինչը խաղաղ հանգուցալուծվի օր առաջ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Թևան Պողոսյանի խոսքով՝ նույնիսկ ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ Սյունիքում ներդրումներ անելու համար պետք է Ադրբեջանի նախագահը միջազգային հանրությանը կոչ անի.

«Դա նշանակում է, որ ինքն արդեն պատկերացնում է, որ դա իր տարածքն է, բայց ուշ  թե շուտ, մի օր պետք է ապացուցի, չէ՞, որ՝ իմն է, ես ձեր ներդրումների երաշխավորն եմ լինելու: Ո՞նց կարող է դա անել՝ միայն նրանով, որ այստեղ ներկա լինի: Իսկ տարածաշրջանի ընդհանուր զարգացումների մեջ իմ պատկերացումներում, այո, մենք կտեսնենք դեռ սրացումներ նաև Ուկրաինայում, Վրաստանում և այլ մասերում, որը մեր տարածաշրջանի վրա կունենա ազդեցություն: Մենք պետք է պատրաստ լինենք»:

Հարցին՝ այսինքն՝ գործող իշխանությունների մնալու պարագայում ունակ չե՞նք լինելու դիմագրավել այդ մարտահրավերներին, նա պատասխանեց.

«Այս իշխանությունների օրոք՝ փետրվարի 25-ից, մինչև արդեն մարտի կեսն է, այդպես էլ չենք հասկանում՝ Գլխավոր շտաբը զբաղված էր բանակի բարեփոխումներո՞վ, թե՞ գործող իշխանություններն ամեն ինչ անում էին, որ բանակ չունենանք: Այս իշխանությունների օրոք է, չէ՞, որ նոյեմբերի 10-ից մինչև հիմա անհասկանալի է ՊԲ կարգավիճակը, և հնարավոր չէ ընկալել՝ ինչ է տեղի ունենալու: Սպառազինության վերականգնման մասին որևէ բան լսե՞լ եք. ես չեմ լսել: Բարոյահոգեբանական պատրաստվածություն ունե՞նք՝ մեր հողը պահելու, ոչ:

Ի՞նչ ենք լսում՝ Արցախի մասին լիակատար մոռացություն, եկեք՝ պատկերացնենք, որ նա բեռ է, էլ չասեմ, որ GPS-ով սահմանները գծելով՝ ամեն օր էլ միայն լսում ենք, որ մենք ունակ չենք մեր անվտանգությունն ապահովել: Նույնիսկ այն մակարդակի է, որ եթե պետք լինի, որ մեր դաշնակիցները գան՝ մեզ օգնեն, բայց մենք բոլորս մեկ զինվորի նման մասնակցելու ենք: Ես դրանից եմ արդեն վախենում»:

Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ դաշնակից և գործընկեր երկրների հետ հարաբերությունները հատուկ են փչացվել. «Երբ խոսում են ինքնիշխանության մասին, դա այն է, երբ ինքդ ես որոշում կայացնում, բայց երբ դու հասկանում ես, որ քո շահերից ելնելով՝ քո որոշումն այնպիսին է, որ նույնիսկ պետք է կարողանաս ուրիշի հետ հավասար կամ ինչ-որ ձևով զիջումների գնաս… մենք ինքներս ենք, չէ՞, շատ ժամանակ որոշում կայացնում, որ ընկերներիս ինչ-որ բան զիջելու եմ՝ հանուն հարաբերությունների, ուրեմն՝ պետք է հասկանանք, որ շատ ժամանակ, երբ մենք ինչ-որ տեղ զիջել ենք, դա չի նշանակում, որ ինքնուրույն չենք որոշել: Ինքնիշխանությունը դա է: Բայց երբ ինքնիշխանության պատճառով դու որոշում ես ամեն ինչ սև ու սպիտակով նայել, սկսում ես ստանալ 0 հարաբերություններ»:

Նա նկատեց՝ գործող իշխանությունները մնալով իշխանության՝ գիտակցո՞ւմ են, թե ինչ հետևանքների է դա բերելու ապագայում՝ արտագաղթի տեսքով, տնտեսական ճգնաժամերի, բարոյահոգեբանական, և այլն.

«Հայերին իրար հետ թշնամացնելու, մեզ բաժան-բաժան անելու իմաստը ո՞րն է, ո՞վ է դրանից օգտվում, միայն թշնամին, ուրեմն՝ պետք է նպաստել միավորմանը: Եթե այդ միավորմանը նպաստող առաջին քայլն այն է, որ ես այդ րոպեին սենյակից դուրս գամ, որ մարդիկ այնտեղ միավորվեն, կարող է մի տարի հետո դուռը բացեն, ասեն՝ դու էլ արի, էլի մարդ է պետք, և բոլորս սկսենք մասնակցել, բա դա ի՞նչ է նշանակում: Նոյեմբերի 10-ից հետո մի քանիսին փորձեցին հեռացնել, բայց բոլոր խնդիրները նրա մեջ էր, որ առաջինը հենց պետք էր լուծել՝ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով: Մենք ժողովրդավարությունից էլ ենք հեռացել այնքան, որ որևէ ժողովրդավարական արժեք չենք հարգում այսօր»:

Նաև հավելեց. «Մենք մեր երկրի մասի՞ն ենք մտածում, թե՞ մտածում ենք՝ դառնանք թուրքական վիլայեթ: Գործող իշխանությունների՝ նույնիսկ հանուն Հայաստանի գործողության արդյունքը մեզ ավելի վատ վիճակի մեջ է դնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս