Սպասվում է Ծառուկյան-Փաշինյան հանդիպում. Ծառուկյանի դիրքորոշումն անփոփոխ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական և արտահերթ ընտրություններ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մարտի 12-ին պատասխանել է մի քանի լրատվամիջոցների հարցերին, որոնք վերաբերում էին երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական վիճակին։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ նախագահի հետ ԲՀԿ-ն չի պատրաստվում հանդիպել։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ հանդիպումը կայանալու է, թե երբ՝ հստակ ժամկետ չնշեց։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ հանդիպման օրակարգը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական և արտահերթ ընտրություններ, շեշտելով, որ իր նախկին դիրքորոշման մեջ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ, որևէ փոփոխություն չի եղել։
168.am-ի հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, և վարչապետի թեկնածու առաջադրվի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԲՀԿ-ն կընտրի՞ նրան, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն իր թեկնածուն չի առաջադրելու, ուստի, խորհրդարանում եղած իշխանական խմբակցության ձայներն են այս հարցում որոշիչ լինելու, այլ ոչ թե՝ ընդդիմադիր խմբակցությունների։
Մանրամասները՝ տեսանյութում