Գիտենք՝ ում հետ Փաշինյանը պետք է հուշագիր ստորագրի արտահերթ ընտրության գնալուց առաջ. Անի Սամսոնյան
Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ այդ պահին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից չազատելու պայմանի դիմաց ցանկացած հուշագրի ստորագրման պատրաստակամություն հայտնած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվում է այլևս Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրել, քանի որ Փաշինյանն իր առաջ քաշած պայմանը չի բավարարել, և Օնիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից, սակայն առանց հուշագրի խորհրդարանական ընդդիմադիր ուժը պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ թեկուզև այդ ընտրությունը կազմակերպի ժամանակին իրենց կողմից պարտության սիմվոլ համարվող Նիկոլ Փաշինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իրենց խմբակցության նման դիրքորոշումը պայմանավորեց երկրում ստեղծված ծայրահեղ իրավիճակում հրատապ լուծումներ գտնելու անհրաժեշտությամբ և քննադատեց այն նախկին իշխանության մաս կազմած քաղաքական գործիչներին, որոնք Էդմոն Մարուքյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ որակեցին «դավաճանի հետ ձեռքսեղմում»։
«Սեղանին հստակ օրակարգ ենք դրել։ Կարծում ենք, որ արտահերթ ընտրություններն այն գիծն են լինելու, որով այս քաղաքական խոսակցություններին, վիրավորանքներին վերջ կդրվի, սակայն մեր այս կառուցողական մոտեցումը վերցրել է արտախորհրդարանական ընդդիմությունը ու ասում է, թե մենք ձեռք ենք մեկնում դավաճան իշխանությանը՝ առանց հիշելու, որ նույն Էդմոն Մարուքյանը, երբ գտնում էր, որ այս կամ այն հարցի լուծումը գտնվում է որոշում կայացնող մեկ այլ անձի ձեռքում, առանց մտածելու, որ այդ մարդը Մարտի մեկ է արել, թալանչի է, կոռուպցիոներ, մեկ է՝ դա հաշվի չէր առնում և փորձում էր գնալ և լուծում գտնել»,- ասաց Անի Սամսոնյանը՝ արտախորհրդարանական ընդդիմության գործունեությունը նմանեցնելով ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի գործունեությանը։
«Մեր նոր Հայաստանի ընդդիմադիր գործընկերները, որոնք ասում էին, որ այո՛, պետության համար պետք է համագործակցել, հիմա իրենց քաղաքական շահերի համար թիրախավորում են մեզ»,- ասաց Սամսոնյանը՝ արտախորհրդարանական ընդդիմությանը կոչ անելով չնմանվել Նիկոլ Փաշինյանին։
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանից տարբերվո՞ւմ են իրենք, երբ արտախորհրդարանական ընդդիմությանը քննադատում են այնպես, ինչպես անում է Փաշինյանն ու քաղաքական մեծամասնությունը, հարցին՝ ո՞ւմ օրակարգն են իրենք առաջ տանում, Անի Սամսոնյանը պատասխանեց.
«Եկեք նայենք, թե ի՞նչ բառամթերք են օգտագործում նրանք մեր նկատմամբ, թեև մենք առաջարկել ենք համագործակցություն, հանդիպել ենք միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ, այսինքն՝ մեր համագործակցային մթնոլորտը շահագործե՞լ ու չարժանանալ պատասխանի՞»,- ասաց Սասմոնյանը։
Հարցին՝ հիմա դուք պայքարում եք ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության դեմ, Անի Սամսոնյանն արձագանքեց.
«Մենք պայքարում ենք այն բոլոր քաղաքական ուժերի դեմ, որոնք չեն ուզում, որ իրավիճակը հանգուցալուծվի, իսկ լոկոմոտիվն իշխանությունն է»։
Ինչ վերաբերում է իրենց առաջարկին՝ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ, «Լուսավոր Հայսատան» խմբակցության պատգամավորը նշեց, որ իրենք կգնան արտահերթ ընտրության, սակայն Փաշինյանի հետ հուշագիր չեն ստորագրի։
«Փաշինյանի հետ հուշագիր չենք ստորագրի, բայց գիտենք՝ ում հետ կարող է հուշագիր ստորագրել արտահերթ ընտրության գնալուց առաջ. նա հուշագիր պետք է կնքի իր 80 պատգամավորի հետ, որ իր թիմակիցները որևէ մեկի վարչապետ չեն ընտրի, եթե Փաշինյանը հրաժարական տա։
Հարցին՝ փաստորեն չի բացառվում, որ այդ դեպքում Էդմոն Մարուքյանը վարչապետի թեկնածու առաջադրվի, Անի Սամսոնյանը պատասխանեց.
«Այս պահին նման որոշում չունենք, ընդամենն ասում ենք, որ որևէ հուշագիր չենք կնքելու, իսկ եթե Փաշինյանը ցանկանա արտահերթ ընտրություն անել, կաներ, բայց քանի որ այդ քաղաքական ուժն իր ներսում ունի հակասություններ, վարչապետը կամք չունի գալ և հրաժարական տալ»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում