Արմեն Սարգսյան․ առևտրականը

Նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Արմեն Սարգսյանը, այսպիսով, ցույց է տալիս հակաքաղաքականության ու հակատրամաբանության հերթական մաստեր-կլասը։

Գլխավոր շտաբի պետի շուրջ առաջացած այս ճգնաժամում նա իրեն դրսևորում է՝ որպես իսկական առևտրական կամ խաղամոլ՝ կախված ամենատարբեր գործոններից՝ փոխելով իր խաղադրույքները։

Նա սկզբում հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջրկությունը՝ այն որակելով որպես Սահմանադրությանն առերևույթ հակասող, ապա հետ ստանալով նույն առաջարկությունը՝ Սահմանադրական դատարան դիմեց ոչ թե այդ նույն առաջարկության, այլ դրա հիմքում ընկած օրենքի սահմանադրականության պարզաբանման խնդրանքով։

Արդյունքում՝ Օնիկ Գասպարյանը, ըստ իշխանությունների՝ օրենքի ուժով, ըստ բազմաթիվ իրավաբանների՝ Սահմանադրության խախտմամբ, ազատվեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Իր այս իրարամերժ ու հակասական գործողություններով Արմեն Սարգսյանը ոչ միայն որևէ կերպ չնպաստեց Զինված ուժերի ու քաղաքական իշխանության միջև առաջացած խորը ճգնաժամի հանգուցալուծմանը, այլ ավելի խորացրեց այն։ Եվ հիմա՝ իր քայլերով հասնելով Օնիկ Գասպարյանի հեռացմանը, Արմեն Սարգսյանն անում է հակառակ քայլը՝ մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած նոր թեկնածուին։

Նրա մոտիվացիաները հասկանալու համար առնվազն անգլիական ծագմամբ խուզարկուի հատկանիշներ են պետք։ Հնարավոր է՝ այս քայլով Արմեն Սարգսյանն անհաջող փորձ է անում՝ ցույց տալու, թե ինքն իրականում Նիկոլ Փաշինյանի կամակատարը չէ, ինչպես ոչ առանց հիմքի եզրակացրել է մարդկանց մեծ մասը Օնիկ Գասպարյանի պարագային տեղի ունեցածից հետո։

Բացառված չէ նաև, որ այս քայլով Արմեն Սարգսյանը փորձում է բարձրացնել իր գինը Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններում՝ վերջինիս ստիպելով որևէ նոր զիջման գնալ՝ Արտակ Դավթյանին նշանակելու ստորագրության դիմաց։

Պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ առաջիկայում հնարավոր է՝ Ամուլսարը շահագործման իրավունք ստանա։ Բայց դա՝ իմիջիայլոց։
Արմեն Սարգսյանը փորձում է մոդելավորել նոր խաղ, որում իր դերը կարող է բարձրանալ։ Նա բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, շաբաթ օրը հրավիրել է խորհրդակցության՝ հույս ունենալով վերջին իրադարձություններից հետո հառնել՝ որպես բոլորովին հաշտեցնող փյունիկ։

Ընդ որում, բացառված չէ, որ Արտակ Դավթյանի նշանակման առաջարկությունը հետ է ուղարկել՝ Նիկոլ Փաշինյանից այդ հանդիպմանը մասնակցելու համաձայնություն ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանը կգնա նախագահական՝ իր հետ կրկին տանելով Դավթյանի նշանակման համաձայնությունը, Արմեն Սարգսյանն էլ կարող է փոշմանել՝ հայտարարելով, որ հատկապես շաբաթ օրն Արտակ Դավթյանի նշանակումը ԳՇ պետի պաշտոնում «նպաստում է կայունության ու համերաշխության հաստատմանը»։

Չէ՞ որ նրա գործողությունները խիստ փոփոխական են՝ կախված շաբաթվա կենտ կամ զույգ օրերից։

Հարություն Ավետիսյան     

Տեսանյութեր

Լրահոս