Բացառվում է, որ ցույցերը նպաստեն թվերի աճին. հակահամաճարակային միջոցառումները խստացնելու կարիք չկա. համաճարակաբան
Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդության վարակման դեպքերի աճը հակահամաճարակային միջոցառումների նվազման հետ չպետք է կապել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
Համաճարակաբանի խոսքով՝ հակահամաճարակային միջոցառումնեը խստացնելու կարիք չկա. «Դիմակները պետք է կրել այնտեղ, որտեղ անհրաժեշտ են։ Եթե հիմա նորից անցնենք բացօթյա տարածքում դիմակ կրելու պարտադրանքին, դա ուղղակի աբսուրդ կլինի»։
Բժշկի կարծիքով՝ երկրում ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ շահարկումներ կարող են լինել բոլոր ոլորտներում, այդ թվում առողջապահական ոլորտը։ Հովհաննիսյանը նշեց, որ կորոնավիրուսի թվերի աճ նկատվել է հոկտեմբերից։
Բժշկի խոսքով՝ հնարավոր են կրկնավարակի դեպքեր, սակայն դրանք լինելու են նվազ թվեր։ Ըստ նրա՝ կրկնավարակի դեպքերը հիվանդության վրա որեւէ ազդեցություն չեն ունենալու։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ սպասվող սահմանափակումների նպատակը ընդդիմադիրների ցույցերը դադարեցնելու համար է, բժիշկն ասաց. «Տվյալ Կառավարությունից, Առողջապահության նախարարությունից ամեն ինչ սպասելի է։ Իրականում դժվար է ասել՝ կա՞ն այդ թվերը, թե՞ ոչ։ Ոչ մի լուրջ մասնագետ չկա, որն ասի՝ բացօթյա որեւէ միջոցառում կարող է նպաստել այս թվերի աճին։ Բացառվում է, որ ցույցերը նպաստեն թվերի աճին։ Մարդիկ դրսում չեն վարակվում»։
Նրա խոսքով՝ աճին խթանել է երկրում պատերազմական վիճակը։ «Վարակվածության պաշտոնական թիվն անցել է 170 հազարը, չնայած պարզ է, որ այն մի քանի անգամ ավելի է։ Հիմա տագնապային վիճակ չէ, թոքաբորբի դեպքերը շատ չեն, ԿՏ-ի հերթեր չկան»,- ասաց Հովհաննիսյանը։