Չարիքի կայսրության սպասավորը

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայ հասարակությունն ապրում է տոտալ քարոզչական հարձակումների ու մանիպուլյացիաների մթնոլորտում։ Եթե պատերազմի ընթացքում իշխանությունն աշխատում էր բացահայտ ստի ու կեղծիքի գործիքակազմով, ապա հետպատերազմյան շրջանում գործում է որոշակիորեն այլ մարտավարություն։

Գրեթե ամեն օր, լավագույն դեպքում՝ ամեն շաբաթ, տեղեկություններ են հրապարակվում Հայաստանի այս կամ այն սահմանամերձ շրջանում ադրբեջանցիների կողմից առաջխաղացումների, հայկական դիրքերի հետքաշման մասին։ Այդ տեղեկությունների մի մասը հետագայում հաստատվում է, որոշները հերքվում են։

Ընդհանուր առմամբ, սակայն, տեղեկատվական այդ գրոհների հիմքում ընկած է արդյունավետ գործող մանիպուլյացիոն մոդել․ հասարակությանը մատուցվում է մեծ չափաբաժնի բացասական տեղեկատվություն, ապա հայտնի է դառնում, որ իրականությանը դա համապատասխանում է ոչ թե ամբողջությամբ, այլ մասամբ։

Պայմանականորեն, օրինակ, տեղեկատվական գրոհի սկզբնական փուլում կարող է մատուցվել, որ ադրբեջանցիները ցանկանում են վերցնել Սյունիքի մարզը, բայց հետո պարզվի, որ խոսքը միայն, ասենք, Քաջարան քաղաքի մասին է։

Տեղեկատվությունը, իհարկե, բացասական է, սակայն նախորդ՝ ավելի շատ բացասականություն պարունակողի համեմատ՝ հասարակության համար կարող է պակաս սարսափելի թվալ։ Սա հայտնի քարոզչական մարտավարություն է, որով հասարակությանը մատուցվում են բացասական քայլերը։ Այս մոտեցման ամենավտանգավոր բաղկացուցիչն  այն է, որ քաղաքացիները ժամանակի ընթացքում հարմարվում, համակերպվում են բացասական զարգացումների հետ։

Այսինքն՝ մարդիկ ապրում են ընդհանուր առմամբ այն մթնոլորտում, որ, միևնույն է, վատ է լինելու, և երբ հաստատվում է ավելի պակաս վատը, քան մատուցվել էր սկզբնապես,  նրանք թեթևացած շունչ են քաշում՝ կարող էր լինել ավելի վատ, եղածով էլ պետք է բավարարվել։

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը Հայաստանում ստեղծել են իրականություն, որում գործում է «չարյաց փոքրագույնի» սկզբունքը։ Պետությունն ու հասարակությունն ապրում են ոչ թե հնարավոր լավագույնի սպասումով, ինչպես լինում է առողջ, նորմալ երկրներում ու հասարակություններում, այլ «չարյաց փոքրագույնի» բավարարվածությամբ։

Իշխանությունը գոհանում է այս իրավիճակով, քանի որ այն ևս ամեն օր ապրում է այդ «չարյաց փոքրագույնի» սկզբունքով՝ համարելով, որ, եթե այդ օրն էլ չկորցրեց իշխանությունը, արդեն լավ է։ Սա պետությունն ու հասարակությունը ներսից կազմալուծող, քանդող ռեժիմ է, որովհետև դրա հիմքում ընկած է ոչ թե արարման մղումը, այլ չարիքը՝ ավելի կամ պակաս չափաբաժնով։

Լայն իմաստով՝ հենց սա է ընկած այն գնահատականի հիմքում, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը չարիք են Հայաստանի համար, որովհետև վերջիններս գործում են ոչ թե պետությանը լավ կամ ավելի լավ ինչ-որ բան պարգևելու, այլ փոքր կամ մեծ չարիք գործելու սկզբունքով։ Ընդ որում, շատ հաճախ Հայաստանին հասցվող վնասը կամ սպառնալիքը ոչ այնքան իշխանության գործողությունների, որքան անգործության հետևանք է։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, իշխանության մնալով, ապահովում է, որպեսզի արտաքին խաղացողները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան, այդ չարիքները գործեն Հայաստանի նկատմամբ։

Նա ստեղծել է չարիքի կայսրություն, որում, սակայն, ինքը հանդես է գալիս ոչ թե՝ կայսեր, այլ՝ սպասավորի դերակատարմամբ։

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս