«Դա քաղաքականության հետ կապ չունեցող բան է։ Եթե  երկիրը վտանգի մեջ է, բանակը պիտի ոտքի վրա լինի». Գալուստ Սահակյանը՝ ԳՇ հայտարարության մասին

Այսօր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, նրան հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր էր այցելել նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի նա ԶՈւ ԳՇ հայտարարության մասին, որով զինվորականները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Պարզապես հայտարարություն էր»,- ասաց Սահակյանը:

Իսկ արդյո՞ք այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր, ինչպես դա որակել էր Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ, ոչ, դա հայտարարություն էր: Ռազմական հեղաշրջման փորձ կլիներ, երբ որ այստեղ բանակը կանգնած լիներ, քաղաքում կանգնած լիներ»,- ասաց Սահակյանը:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ երբ 2008 թվականին մի շարք դիվանագետներ հայտարարություն էին տարածել, բոլորին աշխատանքից ազատում էին, քննադատաբար էին մոտենում, իսկ այժմ նորմալ են գնահատում զինվորականների հայտարարությունը, Սահակյանը պատասխանեց.

«2008 թվականն այլ ժամանակաշրջան էր, հիմա այլ ժամանակաշրջան է, Դուք տարբեր ժամանակների մասին եք խոսում, կարելի է նաև այլ ժամանակների մասին խոսել, բայց այսօր մենք հայրենիքն ենք տալիս, իսկ այն ժամանակ հայրենիքը տալու խնդիր չկար»։

Գալուստ Սահակյանը պնդեց, որ ԳՇ-ի հայտարարությունն անգամ քաղաքականությանը միջամտելու փորձ չէր:

«Դա քաղաքականության հետ կապ չունեցող բան է։ Եթե մեր երկիրը վտանգի մեջ է, բանակը պիտի ոտքի վրա լինի»։

Լրագրողի հարցին, թե բանակը երբևէ իշխանության դեմ հանդես եկե՞լ է, Սահակյանը պատասխանեց, որ չի եղել նման դեպք, հաջորդող հարցին, թե այդ դեպքում ի՞նչ էր նշանակում ԳՇ-ի հայտարարությունը, ԱԺ նախկին նախագահն ասաց.

«Սա նշանակում է, որ Հայաստանը պիտի մնա Հայաստան երկիր, ուրիշի ձեռքը պիտի չընկնի»։

Իսկ նման վտանգ տեսնո՞ւմ է Սահակյանը:

«Իհարկե, տեսնում եմ»:

Հարցին, թե ինչո՞ւ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքների ժամանակ ելույթներ չի ունենում, չի գնում հանրահավաքների, Սահակյանը պատասխանեց.

«Եթե Բաղրամյան փողոցում շատ մարդ է գալիս, դրա մեջ նաև ես կամ: Ոչ մի անգամ այնտեղ չեմ եղել, չեմ էլ կարծում, որ պարտադիր է իմ այնտեղ լինելը, իմ փոխարեն՝ շատ մարդիկ են գալիս»:

Գալուստ Սահակյանից նաև հետաքրքրվեցին լրագրողները, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու նախագծին, որը նախագահը թեև չի ստորագրել, բայց նաև չի վիճարկել նախագծի սահմանադրականությունը:

«Նախագահը պետք է կարողանա ինքն իր աշխատանքը տնօրինել։ Չեմ կարծում, որ մեծ իմաստ պիտի ունենա այսօր բոլորին քննադատելը։ Մեր խնդիրը մեկն է, մենք գնում ենք այդ խնդրի հետևից»։

Լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքն առաջարկել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին 2018-ին ստանձնել վարչապետի պաշտոնը, Սահակյանն ասաց, որ ներկա է եղել այդ խոսակցությանը:

«Կարեն Կարապետյանը չցանկացավ դառնալ, որովհետև ամբողջ ժողովուրդը և քաղաքական ուժերը միացել էին այդ շարժմանը, բացի դրանից, ադրբեջանական կողմն էլ  սկսել էր իր քայլերն անել, ամբողջ երկիրը խառնվելու էր իրար: Ժողովուրդը ստախոսներին հավատում է և շատ երկար ժամանակ դեռևս ինչ-որ չափով կհավատա»։

Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ն չառաջադրեց այլ թեկնածու:

«Մենք չէինք ցանկանում, որ մեր երկրի քաղաքական կամ եղած ուժերը իրար խառնվեին և երկիրը տանուլ տային»:

Լրագրողի հարցին, թե ճնշում եղե՞լ է այն հանրապետականների նկատմամբ, որոնք 2018 թվականի իրադարձությունների ժամանակ քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, Սահակյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ ճնշում եղավ։ Միշտ պետք է մտածեք, որ երբ մի կողմը մի քիչ ուժեղանում է, մարդիկ սկսում են տարբերակվել, ոնց որ 2018-ին, մի կողմն ուժեղացավ, բոլոր կուսակցությունները, ժողովուրդը ոտքի կանգնեց, բայց հիմա ավելի սուր են խոսում, քան մենք»։

Ո՞րն է իրավիճակից դուրս գալու ելքը, արդյոք դա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնե՞լն է:

«Չեմ կարծում, որ կլինի արտահերթ ընտրություններ։ Այն ուղին, ինչը որ մեր ստեղծած շարժումն առաջ է գնում. Վազգեն Մանուկյան, մեկ տարի, հետո, դրանից հետո… Եթե, այսպես կոչված՝ վարչապետը մասնակցի ընտրություններին, մենք ընտրությանը չենք մասնակցելու, որովհետև այն մարդը, որը հոշոտեց մեր ամբողջ հայրենիքը, նրա հետ ճանապարհով քայլել չարժե»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս