«Ես ոչ մեկի չեմ պահում… Ուրիշ բաներ մի խոսա… Ես իմ ժողովրդին եմ պահում». Սասուն Միքայելյան

Երկրապահ Կամավորական վարչության նախագահ, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որն օրեր առաջ՝ մարտի 3-ին հարցազրույցում ասել էր, թե եթե 30 տարի բանակ սարքեինք, ապա այս օրը չէինք ընկնի, այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան 62-րդ տարելիցի օրը «Եռաբլուր» պանթեոնում հրաժարվեց պատասխանել լրագրողների գրեթե բոլոր հարցերին՝ ասելով, թե ԶՈՒ հայտարարության վերաբերյալ իր տեսակետը հայտնել է, ու եթե լրագրողներն այլ հարցեր ունեն ու մեկնաբանություններ են ցանկանում լսել, ապա հորդորեց սպասել ասուլիսի՝ այդ հարցերն իրեն ուղղելու համար:

Հարցին՝ արդյո՞ք Ձեր կարծիքով՝ 30 տարի բանակ չե՞նք կառուցել, ԵԿՄ վարչության նախագահն արձագանքեց.

«Հետո կասեմ՝ կառուցե՞լ ենք, թե՞ ինչ ձև ենք կառուցել»:

Լրագրողի դիտարկմանը, թե ժամանակին չէի՞ք ասում, որ մեր բանակը մարտունակ է եղել, Միքայելյանը պատասխանեց՝ նշելով, թե հարցազրույցում մարտունակությունից չեն խոսել:

Միքայելյանը չպատասխանեց այնպիսի հարցերին, թե ինչո՞ւ իշխանությունը եկավ ու փոխեց սպառազինության գնման ծրագիրը, արդյո՞ք իրեն չի մտահոգում, որ Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակը պարբերաբար թիրախավորում են, գրոհի են ենթարկում:

«Ինչ կար, ես ասել եմ»,- ասաց Միքայելյանը:

«Իմ ասածներից դու պիտի հասկանայիր՝ ես ոչ մեկի չեմ պահում…»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ արձագանքելով հարցին՝ ինքը բանակի կողքի՞ն է, թե՞ քաղաքական իշխանությանն է պահում:

Միքայելյանին վրդովվեցրեց հարցը, թե արդյո՞ք վերջինս Նիկոլ Փաշինյանին չի պահում, ու ստիպեց լրագրողին հրելով արձագանքել.

«Լավ, ուրիշ բաներ մի խոսա, խնդրում եմ՝ գնացեք, մենք մեր գործը շարունակենք: Ես իմ ժողովրդին եմ պահում»:

Տեսանյութեր

Լրահոս