«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր». Ռոբերտ Քոչարյան. armeniasputnik.am
armeniasputnik.am. ՀՀ երկրորդ նախագահը նշում է, որ Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել պատերազմի առնչությամբ մի շարք կարևոր հարցերի։
Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղյան 44–օրյա պատերազմում պարտությունը ծրագրված էր Հայաստանի իշխանությունների կողմից։ Ռուսական լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ առավել ևս պատերազմից հետո, շատ լուրջ կասկածներ հայտնվեցին իշխանությունների և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներ հայտնվեցին իմ, երկու գեներալ-գնդապետի, երրորդ նախագահի և մարդկանց այլ խմբերի մոտ»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով ՝ առաջ եկած ոչ մի հարցի վերաբերյալ խելքին մոտ որևէ բացատրություն չկա։
«Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ որևէ բացատրություն տալ։ Օրինակ` ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց համատարած զորահավաքը, որը զինված ուժերի համալրում էր ենթադրում։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ պատերազմի 4-րդ օրն իսկ իմանալով, որ պարտվելու ենք պատերազմում (ինչպես զեկուզել էին գլխավոր շտաբից)»,–ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ սրանք հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները։ Այս հարցերի առնչությամբ պատասխանների բացակայությունը կարող է ցանկացած ենթադրության տեղիք տալ։
«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»,–նշել է Քոչարյանը:
Նա չի հասկանում, թե ինչու են պատերազմից առաջ շատ փորձառու գեներալներ պաշտոնանկ արվել։