Բաժիններ՝

Մեղադրանքն աբսուրդի ժանրից է. քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձ է արվում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման գործին, ինչպես նաև տեղեկացնում է, որ սկսվել է նրա անհապաղ ազատ արձակվելու պահանջով ստորագրահավաք։ Հայտարարություն՝ ստորև․

«Հարգելի’ հայրենակիցներ.

Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։

Սույն թվականի փետրվարի 19-ին ապօրինաբար ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորեց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համահիմնադիր Արա Սաղաթելյանը։

Առաջադրված մեղադրանքի թե՛ փաստական կողմը, և թե՛ իրավաբանական որակումը մտացածին են և չեն դիմանում որևէ քննադատության, ինչը հիմնավոր փաստարկել են ինչպես իրավական համայնքի, այնպես էլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ հարգված ներկայացուցիչներ։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության մամլո հաղորդագրության՝ Արա Սաղաթելյանը մեղադրվում է ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ հետ կապի մեջ, ինչը հիմնավորվում է բացառապես նրանով, որ 2021 թվականի փետրվարի կեսերին Արա Սաղաթելյանը հեռախոսը միացել է այն նույն VPN հավելվածի IP հասցեին, որին 2020 թվականի հոկտեմբերի կեսերին համակցվել է հանրահայտ օգտատիրոջ ֆեյսբուքյան օգտահաշիվը։

Ընդ որում՝ նույն ժամանակահատվածում Արա Սաղաթելյանի բացի Հայաստանից մի քանի տասնյակ մարդկանց հեռախոսներ միացել են վերոնշյալ IP հասցեին։

Այդ ցուցակից Արա Սաղաթելյանի անձի ընտրությունը և նրա կալանավորումն ընդգծում է իրականացվող գործընթացի առերեւույթ կողմնակալ և սուբյեկտիվ լինելու հանգամանքը եւ քաղաքական հետապնդման նպատակը։

Պակաս զավեշտալի չէ նաև առաջադրված մեղադրանքի իրավական կողմը։

Մասնավորապես՝ մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այն է՝

– ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը,

– ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,

– ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածը` ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը։

Այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգիրքն իմպերատիվ արգելք է սահմանում, նույն գործողության կատարման համար անձին միաժամանակ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածներով։

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը սահմանում է, որ որևէ արարք կարող է որակվել 226.2-րդ հոդվածով, եթե բացակայում են 226-րդ հոդվածի հատկանիշները։

Ինչ վերաբերում է 307.4-րդ հոդվածին, ապա ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածումը արգելող կանոնների գործողությունը կասեցվել է Սահմանադրական դատարանի կողմից։ Այսինքն, Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ նորմերը ժամանակավորապես դադարել են լինել ՀՀ իրավական համակարգի մաս։ Հետևաբար, այդ նորմերի ենթադրյալ խախտման համար որևէ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության կամ քրեական հետապնդման։

Այսինքն, առաջադրված մեղադրանքի իրավական կողմն աբսուրդի ժանրից է և հերթական անգամ հավաստում է Արա Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը։

Ավելին՝ ԱԱԾ-ն որոշում է կայացրել սահմանափակելու Արա Սաղաթելյանի տեսակցություններ ունենալու իրավունքը, այդ սահմանափակումը տարածելով վերջինին ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխայի վրա՝ որեւէ կերպ չպատճառաբանելով այդ որոշումը։

Ամփոփելով վերոգրյալը եւ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձեւում ամրագրված «քաղաքական բանտարկյալ» եզրույթի սահմանումը՝ փաստում ենք, որ Արա Սաղաթելյանը հետպատերազմյան Հայաստանի Հանրապետության առաջին քաղբանտարկյալն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս