«Գլխավոր դատախազությունը ծառայում է օրվա քաղաքական իշխանությանը. մեզ սուտ մատնության մեջ կմեղադրեն». Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում տալու մասին
Իմ պատասխանը խեղաթյուրվել է, խոսքը կոնտեքստից կտրված է տարածվել:
Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով գերիների հետ կապված երեկվա հայտարարությանը, որ իր իշխանության պարագայում գերիների վերադարձի խնդիրը լինելու է մի քանի օրվա հարց:
«Ես ասել եմ՝ իշխանություն ունենալու դեպքում գերիների և անհետ կորածների հարցը լուծելու համար պետք կգա շատ կարճ ժամանակ: Ես էլի պնդում եմ՝ այս իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով, և նրանք ուղղակի ապաշնորհ են և չեն կարող լուծել անգամ այդ հարցը: Եվ որպեսզի ավելի չխորանա այս խոսքը, սխալ մեկնաբանությամբ չտարածվի, այդ ծնողները, որոնք եկել էին և ինձ հետ ուզում էին հանդիպել, այդ հարցն ինձ տալ, ես այստեղ եմ, խնդրում եմ, թող մոտենան»,- նշեց նա:
Անդրադառնալով մեղադրանքներին, որ ընդդիմությունն է խոչընդոտում իր հավաքներով գերիների, անհետ կորածների խնդրի լուծմանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ 4 ամսվա ընթացքում առնվազն 2 ամիս ընդդիմությունն ակտիվ գործունեություն չի իրականացրել, այդ դեպքում ինչո՞ւ չի լուծվել գերիների և անհետ կորածների հարցը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ձմռան ամիսներին:
«Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարության կետերից մեկը հստակ վերաբերում էր անհետ կորածներին և գերիներին, որ պետք է բոլորը՝ բոլորի դիմաց փոխանակվեին: Ինչո՞ւ չի կատարվել այս կետը, ինչո՞ւ են կատարվում բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են մեր հողերը թշնամուն փոխանցելուն: Ինչի են կատարվում սահմանների ճշգրտման կետերը, և մնացած բոլոր-բոլոր կետերը, և չի կատարվում այս, իմ կարծիքով, ամենակարևոր կետը»,- շեշտեց Վանեցյանը՝ հավելելով, որ ուժային կառույցներն այսօր զբաղված են իշխանություն պահելու հարցով, միաժամանակ շեշտեց.
«Նիկոլ Փաշինյանն այսօր որևէ հենարան չունի, Նիկոլ Փաշինյանի հենարանը մնացել է մանիպուլյացիան: Նա մանիպուլյացիայով եկավ իշխանության և շարունակում է մանիպուլյացիայով մնալ իշխանության: Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի հրամկազմի հայտարարությունից հետո, նա արագ դուրս եկավ փողոց: Նրա համար կարևոր չէր՝ քանի հոգի կգա, ինչ կանեն: Պատշգամբներից նրան վիրավորում են, դավաճան են ասում, ինքը բոլորին ժպտում է, համբույրներ է ուղարկում»:
168.am-ի դիտարկմանը, որ ինքը, այլ ուժային կառույցների նախկին ղեկավարներ խոսել են անօրինական հրամաններ ստանալու մասին, սակայն, մինչ օրս հաղորդում չեն ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ, Արթուր Վանեցյանն ասաց.
«Գլխավոր դատախազությունը մոտ երեք տարվա մեջ իր արարքներով ապացուցել է, որ ծառայում է օրվա քաղաքական իշխանությանը, նրանք չեն ծառայում օրենքներին: Դրա համար, եթե մենք հիմա հաղորդում ներկայացնենք հանցագործության մասին, վատագույն դեպքում մեզ սուտ մատնության մեջ կմեղադրեն, երկրորդ ամենավատ տարբերակը՝ կսկսեն ինչ-որ մի կեղծ քննական պրոցես, քննություն կիրականացնեն, հետո կասեն, որ չհիմնավորվեց, գործը կկարճեն ու դրանով իրենց հետքերը կմաքրեն: Հետագայում, որ լինի իշխանափոխություն, նորմալ քննություն, կասեն՝ այն ժամանակ քննություն է իրականացվել և գործը կարճվել է, հանցակազմ չի հայտնաբերվել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում