«Դա մեր վերջին հաղթաթուղթն էր»․ ադրբեջանագետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետվարի 26-ին՝ ասուլիսի ժամանակ մի շարք հայտարարություններ է արել։ Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ակտուալ չէ, իրենք վերադարձրել են պատերազմի ժամանակ գերի ընկած քաղաքացիներին և մնացել են միայն «ահաբեկիչներն» ու «դիվերսանտները»։

«Կարգավիճակի վերաբերյալ մտքեր նոր չէ, որ հայտնում է Ալիևը, իսկ պատերազմի ավարտից հետո անընդհատ ասում էր, և ՌԴ նախագահ Վլ․Պուտինը նրան հուշեց, որ դա բոլորովին այդպես չէ և անգամ մի քանի տարբերակ ներկայացրեց, որ եթե փորձեն ինչ-որ բաներ խառնել, ապա կարող է հարցը լուծվել Աբխազիայի և Օսեթիայի օրինակով, կամ հակառակ պարագայում՝ Ղրիմի տարբերակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը հիմա ՌԴ-ն է։

Ինչ վերաբերում է գերիների հարցին՝ ադրբեջանագետը նշեց․«Ադրբեջանը հարցն օգտագործում է Հայաստանի ներքաղաքական վիճակն ապակայունացնելու համար և մենք թույլ ենք տվել, երբ այդ երկու ահաբեկիչներին վերադարձրել ենք իրենց։ Մեր վերջին հաղթաթուղթն էր։ Ու խրախուսվելով դրանից, չարաբաստիկ պայմանագիրը ստորագրելուց հետո նրանք առևանգեցին մոտ 65 զինվորի։ Եվ մենք տեսնում ենք, որ ցանկացած զիջում ադրբեջանական կողմին՝ այդ հարցերում և ցանկացած անկայունություն ՀՀ-ում, Ադրբեջանին բերում է պահանջատիրական դիրքերից նոր հավակնությունների։ Պետք է որոշ չափով հասկանանք, թե ում հետ գործ ունենք ու ինչն է մեզ համար կարևոր․հայրենիքի բարօրությունը, թե պաշտոնի կայունությունը»։

Ասուլիսի ժամանակ իրանցի լրագրողի հարցը՝ ուղղված այդ երկրի ղեկավարին, կապված է եղել վարձկան ահաբեկիչների ներգրավմանը՝ պատերազմում, ինչը զայրացրել է պատերազմ սանձահարող երկրի ղեկավարին ու Ալիևը պատասխանել է, թե դրա հետ կապված որևէ ապացույց չկա։

Գրիգորի Այվազյանը հիշեցրեց՝ ահաբեկիչներ ներգրավելու մասին բարձրաձայնել են ոչ միայն հայերը, այլև ԱՄՆ-ն, Ռուսաստանը և մյուսները։

«Բոլորը քաջ գիտեն, թե ահաբեկիչներն ում կողմից են կռվել, բայց այսպիսի ասացվածք կա․«Հաղթողին չեն դատում։ Այս տարիների ընթացքում մեր արտաքին քաղաքականության տապալման պատճառով մեր ձեռքի տակ եղած հաղթաթղթերի չօգտագործման պարագայում մենք տանուլ ենք տվել մեզ համար հաղթական տարբերակը։ Այնպես չէ, որ չի եղել այն տարբերակը, որ կարողանայինք և՛ տարածքներ պահպանել և՛ ԼՂԻՄ ամբողջականությունը։ Ուղղակի հարցի պատճառահետևանքային խնդիրների վերաբերյալ լռությունը այս 30 տարիների ընթացքում, այն է՝ հակամարտությունը ցեղասպանությունից է սկսվել՝ Ադրբեջանում, ոչ թե ինքնորոշման, միացման հարցն է։ Բոլոր ոլորտներում պետք է գործեն գիտակները, ոչ թե դիլետանտները ու դրա դառը արդյունքները մենք քաղում ենք։ Բայց ամեն ինչ վերջացած չէ, եթե ճիշտ խաղարկենք անգամ եղած հնարավորությունները։ Թուրքիան ու Ադրբեջանը ունեն տարբեր ներքին խնդիրներ,այդքան էլ ամուր չեն և եթե մենք կկարողանանք պահպանել մեր գոյատևումը այս տարածաշրջանում և պատրաստ լինենք իրադարձությունների զարգացմանը, երբ այդ կայսրությունները մեր օգնությամբ կամ առանց մեր օգնության կփլուզվեն,պետք է պատրաստ լինենք մեր մասնաբաժինը վերցնել թեկուզև ոչ ուժով այլ դիվանագիտությամբ, ապա կարող ենք մեր արժանապատվությունը փրկել այս հարցում։ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք դարձավ այն ժամանակից, երբ Աղդամը՝ Ակնան, չեղավ մեր հայրենիքը։ Իսրայելը, տեսեք, զավթել է Պաղեստինի տարածքը․ ԱՄՆ-ն արդեն Երոսւաղեմը ճանաչումէ որպես Իսրայելի մայրաքաղաք։ Շատ բան ունենք Իսրայելից սովորելու»։

Տեսանյութեր

Լրահոս