ԵԽԽՎ համազեկուցողները  քաղաքական դերակատարներին կոչ են անում ձեռնարկել բոլոր քայլերը լարվածությունն անհապաղ թուլացնելու ուղղությամբ

«Ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ»,- ԵԽԽՎ լրատվական կայքի փոխանցմամբ՝  Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ նման կարծիք են հայտնել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա):

«Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

Համազեկուցողները  բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին կոչ են անում հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը լարվածությունն անհապաղ թուլացնելու ուղղությամբ:

Աբերգն ու Կիլյունենն արձանագրել են նաև, որ Հայաստանն իր նորագույն պատմության  ամենաբարդ փուլերից մեկն է ապրում և, ինչպես երբևէ, ունի հանգստության, զսպվածության, իմաստնության և ժողովրդավարական սկզբունքներին անբեկանելի աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին բախվում է երկիրը:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս