Այդ անձի խոսքը զգուշացում է բոլորիս, որ ցանկացած պահի իշխանությունը կարող է գնալ սադրանքների․ Լարիսա Ալավերդյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
«Երևի թե այդ անձը հիշում է 1990-ականների բանդիտիզմի տարիները, երբ իր կեցվածքն ու գործողություններն ամբողջովին հակասում էին ոչ միայն՝ մարդու իրավունքներին, այլև՝ օրենքին։ Ես չգիտեի, որ իշխանական անձն այդքան արագ է խոստովանելու, որ իրենք անօգնական են, որ պատրաստ են կրակելու, այն դեպքում, որ Վազգեն Մանուկյանի խոսքում չի եղել զինված ապստամբություն խոսքը։ Պետք է հասկանանք, որ այդ անձն շատ ավելի շուտ իրենց բացահայտեց բոլորին հասկանալի ձևով։ Ես սպասում էի, որ Վազգեն Մանուկյանի խոսքերը չեն ընկալվի՝ որպես միայն զինյալ ապստամբություն։
Դա կարելի է ընդվզում էլ ասել։ Եվ հետո իշխանության հիշողությունը երևի թե շատ կարճ է։ Բա իրենք ո՞նց էին անում, որ իրենց չէին կրակում։ Այդ անձի խոսքը զգուշացում է բոլորիս, որ ցանկացած պահի իշխանությունը կարող է գնալ սադրանքների»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի եթերում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն արտահայտությանը, թե եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ, եթե նայենք, թե այսօր ով ինչ է ասում, ապա իշխանությունն առնվազն 2000 մարդու պետք է ձերբակալած լիներ։
«Այդ անձի խոսքը զգուշացում է բոլորիս, որ ցանկացած պահի իշխանությունը կարող է գնալ սադրանքների։ Նրա խոսքը պարունակում է սադրանք կամ ուժով սպառնալիք է։ Ահա, սա է, որ կարելի է դատապարտել։ Նա, փաստորեն, դրանով սպառնում է ապագա բոլոր բողոքող մարդկանց։ Ուժի սպառնալիքը բացառվում է, դա հակաիրավական կարող է ճանաչվել»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։