Արցախի Ասկերանի Պատարա գյուղում տեղահանված ընտանիքների համար կահավորվում է 15 առանձնատուն
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին կացարաններով ապահովելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու հիման վրա՝ ըստ անհրաժեշտության իրականացվում է նաև այդ կացարանները կահույքով ու կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր: Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
«Մասնավորապես, ընթացքի մեջ են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին Ասկերանի շրջանի Պատարա գյուղում հատկացված 15 առանձնատան կահավորման աշխատանքները: Այս կացարաններում, ընդհանուր առմամբ, բնակություն են հաստատել 85 քաղաքացի: Առանձնատներից 3-ի կահավորումն արդեն իսկ լրիվությամբ իրականացվել է, իսկ 4-ի կահավորումն ավարտին կհասցվի առաջիկա 2 օրերի ընթացքում: Անհրաժեշտ պարագաներով կահավորվել է նաև Ասկերանի Հարավ գյուղում 5 հոգանոց ընտանիքին հատկացված տունը:
Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում, համաձայն՝ տեղահանված արցախցիների՝ տվյալ վայրում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկատվության, որը փոխանցվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը»,- հայտնում են գերատեսչությունից: