«Մեզ համար կանխատեսելի էր, որ քրեական գործեր կհարուցեն` ժողովրդի ուշադրությունը շեղելու համար». Հովհաննես Սահակյանը՝ Տարոն Մարգարյանին առաջադրված մեղադրանքի մասին
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Մարգարյանի շահերի պաշտպան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «գործը ջուր է»: ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այս փաստին, ասաց, որ իրենց համար սա կանխատեսելի էր:
«Տարոն Մարգարյանի փաստաբանը շատ հետաքրքիր ձևակերպում էր արել՝ «ես չգիտեմ, թե ի՞նչը պետք է պաշտպանեմ, և տպավորություն է, որ այս քրեական գործը հարուցվել է ընդամենը հայտարարելու, այս պատկերը ստանալու համար»: Մեզ համար կանխատեսելի էր, որ պետք է փորձեին այս ժամանակահատվածում նման քրեական գործերով, հայտարարություններով հանդես գալ՝ կապված Տարոն Մարգարյանի և մեր մյուս ընկերների ու գործընկերների հետ, որոնք հանրության մեջ ունեն վստահություն և հեղինակություն, որ ժողովրդի ուշադրությունը փորձեն շեղել, կամ հնչեղություն ապահովեն: Այս 3 տարվա ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ քրեական գործերն ընդամենը հարուցվել են ուղղակի այդ պահին ժողովրդի ընկալումներն այդ բարձրության կամ այդ հարթության վրա պահելու համար: Ես վստահ եմ, որ այս քրեական գործն էլ այդ շարքից է»,- ասաց Սահակյանը: