«Իշխանությունն այլևս իրենց ձեռքում չէ, փողոցում գցած է, պետք է վերցնել և երկիրը զարգացնել»

«Ինչպես Երրորդ նախագահը շեշտեց, մենք բանակցում էինք, թե ինչ ենք վերցնելու, ինչ ենք ստանալու». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արցախյան խնդրի շուրջ բանակցությունների օրակարգին, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը:

Մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցից հետո հարց բարձրացրին, որ՝ եթե բանակցում էինք 5+2 ձևաչափի շուրջ, ապա ինչո՞ւ էինք ներդրում անում այն 7 վայրերում, որոնք այդ ձևաչափի ընդունման դեպքում հանձնվելու էին Ադրբեջանին: Հովհաննես Սահակյանը պնդեց, որ այս հարցադրման հեղինակներն ուղղակի օրակարգում մնալու խնդիր ունեն:

«Դա անհեթեթություն է: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին բազմիցս նշել է, որ բանակցում ենք 5+2, և անընդհատ նշել է, որ մենք պետք է խնդիրը դիտարկենք փոխզիջումների տեսանկյունից: Ինչի՞ մասին ենք մենք խոսում, եթե փոխզիջման հակառակ կողմն Արցախի կարգավիճակն էր և ցամաքային անխափան երկու կողմից ճանապարհն էր՝ Քարվաճառով և Լաչինով, իսկ այդ ճանապարհներն ամբողջությամբ պետք է լինեին մեր զինված ուժերի վերահսկողության ներքո, երբ պետք է մի ամբողջ սերունդ չգլխատվեր, 5 հազարից ավելի զոհ չունենայինք, 10 հազարից ավելի վիրավոր և հաշմանդամ չունենայինք, գլխատված բանակ ու պետություն չունենայինք: Մեր զինվորը կանգնած էր Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Քարվաճառում, Աղդամում, Ասկերանում, մենք ի՞նչ է՝ այնտեղ կոմունիկացիոն ոչ մի շինարարական աշխատանքներ չպե՞տք է անեինք, տարրական պայմաններ չպե՞տք է ապահովեինք զինվորների համար»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով Փաշինյանի ավելի վաղ արած պնդման, թե՝ «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր», ՀՀԿ խորհրդի անդամն ասաց, որ մի անգամ այդ քաղաքում եղած մարդը չի կարող նման որակում տալ:

«Շուշին դրախտավայր էր, էն ներդրումները, որոնք Շուշիում են եղել, նույնիսկ Ստեփանակերտում չեն եղել: Խոսում են անպատասխանատու հայտարարություններով՝ մտքում ունենալով, որ որևէ մեկը հարցադրում չի անելու: Այ հողատու, ինչի՞ հիման վրա եք ասում, որ «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր»: Այս մարդիկ ցինիզմի և ստախոսության բոլոր հորիզոնները հատել են, խոսում են ամեն ինչից, եթե ժողովրդի միջից 20 հոգու էլ մոլորեցնեն, լավ է, ևս երկու օր իրենց իշխանությունը կերկարի»,- ասաց Սահակյանը:

ՀՀԿ խորհրդի անդամի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններն ու այդ ընթացքում իր մեքենան իբրև թե պատահական կանգնացնող քաղաքացիների հետ զրույցները նպատակ ունեն ցույց տալու, թե Փաշինյանը դեռ վստահություն ունի ժողովրդի շրջանում:

«Իշխանությունն այլևս իրենց ձեռքում չէ, իշխանությունը ժողովրդի ձեռքին է կամ փողոցում գցած է, պետք է վերցնել և երկիրը զարգացնել: Նրանք ցանկացած ընտորության դեպքում 5 տոկոսը չեն հաղթահարի: Այդ է պատճառը, որ արտահերթ ընտրություններն օրակարգից հանեցին: Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք նախաձեռնում են իրենք, և ըստ տեղեկությունների՝ անցողիկ շեմը դարձնում են 4 տոկոս, դա վկայում է, որ նրանք մտավախություն ունեն, որ 5 տոկոսը չեն հաղթահարելու»,- ասաց Սահակյանը:

Ընդդիմության ծրագիր չունենալու և կտրուկ գործողությունների չդիմելու մասին հանրային քննարկումներին ի պատասխան՝ ՀՀԿ խորհրդի անդամը նշեց, որ կա մեկ օրակարգ, դա սահմանադրական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, քանի որ պարտվող ղեկավարը չի կարող շարունակել ղեկավարել:

«Էս մարդուն էլ չեն լսում, լուրջ չեն ընդունում: Նա պետք է հեռանա: Մենք համոզվեցինք, որ պատերազմի ժամանակ, վտանգի ժամանակ այս մարդիկ ի վիճակի չեն կառավարել: Պատասխանատվությունը գցում են իրենց վրայից, բունկերներում պախկվում են ջայլամի քաղաքականությամբ, մինչև էս ամեն ինչը վերջանա, դուրս գան, փորձեն արդարացումներ գտնել, բոլորին մեղավոր կարգել, բացի իրենցից»,- ասաց Սահակյանը:

ՀՀԿ խորհրդի անդամն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ինչպես են փոխվել մեր սպասելիքներն իշխանությունից, առաջ պահանջում էինք ավելի ժողովրդավար լինել, հիմա անվտանգության երաշխիքներ ենք ուզում: Սահակյանի վստահեցմամբ, եթե մենք մի փոքր էլ հապաղենք, ապա կորցնելու ենք Սյունիքն ամբողջությամբ:

«Առավոտյան լսում էի Դավիթ Բեկ գյուղի ղեկավարին, ասում է՝ 20 երեխա դպրոցից բացակայում են, 5 ընտանիք գյուղը լքել է, որովհետև նրանք հասկանում են, որ, եթե թուրքը 50 մետր կամ 1 կմ հեռավորության վրա է, երբ հանկարծ որոշենք, որ պետք է գիշերային օպերացիա անեն և այդ մարդկանց իրենց տանը գլխատեն, ոչ մեկն իրենց չի պաշտպանելու»,- ասաց  Սահակյանը:

Նա նաև նշեց, որ գործող իշխանությունը չի հեռանում, որ չենթարկվի քրեական պատասխանատվության:

 

Տեսանյութեր

Լրահոս