Գեղարքունիքում փետրվարին տեղացած անձրևը տարեցները համարում են անսովոր ու բացառիկ դեպք
Փետրվարի 16-ին եւ 17-ին Գեղարքունիքի մարզում տեղացած անձրեւը տարեց մարդիկ համարում են թե անսովոր, թե բացառիկ դեպք։
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գավառ քաղաքի բնակիչ իննսուներեքամյա Ռաֆիկ Խանդանյանը, իր կյանքում նման դեպք, երբ փետրվարին Գեղարքունիքի մարզում անձրեւ տեղար, եղել է մեկ անգամ՝ 1963 թվականին։ «Սովորաբար մեր բարձրադիր լեռնաշխարհում փետրվար ամիսն աչքի է ընկել ցուրտ, ձնառատ ու բքաբեր եղանակներով։ Ձյունը ծածկում էր սար ու ձոր, բուքը փակում էր ճանապարհները, հաճախ սառցակալում էր Սեւանա լիճը, օդի ջերմաստիճանը հասնում էր մինչեւ մինուս 20-25 աստիճանի։ Երկրագործությամբ զբաղվածներս գարնանը սպասում էինք մարտի 15-ից հետո։ Բայց 1963 թվականի փետրվարի երկրորդ կեսին մեզ մոտ անսպասելիորեն անձրեւ տեղաց ձյան փոխարեն, եղանակը տաքացավ։ Ես աշխատում էի Կամոյի սովխոզում։ Մեր տարեց ու վաստակաշատ, փորձառու հովիվները չշտապեցին ոչխարի հոտերը սար բարձրացնել` կարծելով, թե ցրտերը դեռ առջեւում են։ Իրոք, մարտի սկզբներին սառնամանիքներ եղան, առատ ձյուն տեղաց, գարունը սպասվածից ուշացավ։ Հիմա սա երկրորդ դեպքն է իմ կյանքում, որ փետրվար ամսին անձրեւ եմ տեսնում եւ մինչեւ 8 աստիճան տաքություն։ Ես էլ կարծում եմ, որ երկրագործները հիմա չպետք է շտապեն ու համբերատար սպասեն իսկական գարնան գալուն»,-նշեց Ռաֆիկ Խանդանյանը։