Վարչապետ դառնալուց հետո ո՞րն է լինելու Վազգեն Մանուկյանի առաջին քայլը․ քաղաքացու հարցը

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ զրույցում անդրադարձավ արտագաղթին՝ նշելով, որ մարդիկ գնում են երկու պատճառով, նախ՝ աշխատանք չունեն, հետո էլ՝ հույսը կորցրել են երկրի ապագայի հանդեպ։

«Կարծում եմ, երբ Նիկոլը հրաժարական տա, նույն ցնծությունը կլինի Երևանում, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ժողովրդի մոտ ապագայի նկատմամբ լավատեսություն կարթնանա, և ապագա իշխանությունից է կախված, թե ինքը ինչ կանի։ Այն քայլերը, որոնք պետք է անել, դրանց արդյունքը միանգամից չի երևա։ Վախենամ՝ Հայաստանի սահմանները բացեն, ու շատերը գնան»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Քաղաքացիներից մեկը դիմելով Վազգեն Մանուկյանին՝ հարցրեց, թե եթե այսքան հապաղում են, գուցե ուշանա՞ն և մի օր էլ արթանան, տեսնեն՝ Երևանն էլ են վաճառել, Վազգեն Մանուկյանը հուսադրեց՝ կաշխատեն չուշանալ։

Երիտասարդներից մեկն էլ հետաքրքրվեց, թե վարչապետ դառնալուց հետո ո՞րն է  լինելու Վազգեն Մանուկյանի առաջին քայլը։ Նա կատակեց` նշելով, որ պետք է գնա մտնի Կառավարության շենք, նստի ու տեսնի, թե ինչ է լինելու։

«Որևէ քայլ առաջին չէ, բոլոր քայլերն էլ միմյանց զուգահեռ են լինում։ Հիշում եմ, երբ առաջին անգամ դարձա վարչապետ, գնացի այդ սենյակում նստեցի, ու ժամացույցը սկսեց զնգալ, վեր թռա ու սկսեցի աշխատել»,- հավելեց նա։

Անդրադառնալով Գյումրիում երեկ տեղի ունեցած հավաքին՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, և ՔՊ-ական անձի հայտարարությանը, որ պատերազմում Հայաստանը հաղթել է, Վազգեն Մանուկյանն ասաց, որ այդ արտահայտությունն իր մոտ ծիծաղ է առաջացնում։

Տեսանյութեր

Լրահոս