«Սերժ Սարգսյանն իր հարցազրույցի ժամանակ այդ ամենը ցույց տվեց». Քաղաքագետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով արտաքին և ներքաղաքական տարբեր հարցերի՝ բանակցային գործընթացից մինչև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները։

Երրորդ նախագահը խոսելով բանակցային գործընթացից՝ ասել է, որ երբեք չեն բանակցել այն մասին, թե հայկական կողմն ինչ է տալու հակառակորդ կողմին, այլ  մշտապես բանակցել են այն մասին, թե ինչ է ստանալու հայկական կողմը.

«Բայց բանակցություններն այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էին, ինչն անհեթեթություն է, անհեթեթություն՝ միգուցե ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց համար։ Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում, երբեք։ Դա էր մեր կարմիր գիծը, և մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018-ի ապրիլի 23-ը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին՝ նախ նկատեց, որ հնարավոր չէ մեկ հարցազրույցի ընթացքում բոլոր հարցերին տալ սպառիչ պատասխաններ։

Ինչ վերաբերում է Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիտարկումներին, ապա, ըստ քաղաքագետի, բնականաբար, այնտեղ կան շատ նրբություններ, որից տեղյակ չեն, որովհետև դրանք գաղտնի բանակցություններ են եղել։

«Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք հետևում են և ունեն տրամաբանություն, մինչև այս հարցազրույցն էլ նրանց համար ամեն ինչ պարզ էր․ գոնե ինձ համար պարզ էր։ Ինքս առանձնապես որևէ նորություն ինձ համար չիմացա, ամեն ինչ պարզ է, որ փողոցից եկել է մի մարդ, որը չունի ոչ գիտելիք, ոչ բարոյական նորմեր, և որը տապալել է բանակցային գործընթացը և, տապալելով՝ բերել է այն վիճակին, ինչը մենք ունեցանք։ Ըստ էության, պատերազմի ժամանակ դեստրուկտիվ կողմը մենք էինք և մենք մնացել էինք մենակ, և ըստ էության ամբողջ միջազգային հանրությունը մեր դեմ էր, որովհետև մենք անհասկանալի էինք, դեստրուկտիվ էինք, որը այդ մեկ անձն էր ամբողջովին արել։ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցի ժամանակ այդ ամենը ցույց տվեց։ Այսինքն՝ գոնե ինձ համար այնտեղ որևէ նորություն չկար»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Ըստ քաղաքագետի՝ այնպիսի տպավորություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը մեծապես ուղղված է ներքին լսարանին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ այն վիճակում, որում գտնվում է երկիրը, և այն արտաքին վտանգավոր միջավայրը, որը կա՝ փողոցից ինքնավստահ ու ինքնագոհ հայտնված անձի քաղաքականության արդյունքն է։

«Սերժ Սարգսյանը նաև ասաց, որ փողոցից իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ չափով նաև սպասարկել է որոշ ուժերի ծրագրերին և ժողովրդից գաղտնի Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ է մտել։ Դրա մասին գիտեր դեռևս 2018 թվականին, և այդ ամենը բերեց նրան, ինչը կա»,- հավելեց Ստեփան Դանիելյանը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է, և դրա վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատասխանին, Ստեփան Դանիելյանը նշեց, որ յուրաքանչյուրը պրոյեկտ ասելով՝ տարբեր բաներ կարող է հասկանալ, մեկը, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, մյուսը՝ երբ հանրությանը չի բացատրվում իրավիճակը, և փոփոխություններ չեն կատարվում։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից չի հեռացել, նա շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության ղեկավար։

«Այլ հարց է, թե Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի առաջին դեմք, կվերադառնա՞, կարծում եմ՝ նա չի վերադառնա»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։

Տեսանյութեր

Լրահոս