«Միջազգային կազմակերպություններից որևէ արձագանք չկա. մենք ուզում ենք շարժել այդ լռությունը». Շավարշ Գևորգյան
«Հ2» հեռուստաընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի առջև:
Հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Շավարշ Գևորգյանն ակցիան խորհրդանշական անվանեց, ասաց, որ բոլորն են տեղյակ Հայկական 2-րդ հեռուստաալիքի եթերազրկման պատմությանը: Իրենք նամակներ են պատրաստել, որոնք պետք է հանձնեն ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներ, ինչպես նաև Եվրամիության պատվիրակության գրասենյակ, և առաջին նամակը բերել են ԵՄ գրասենյակ հանձնելու:
Ապա Շավարշ Գևորգյանը ներկայացրեց նամակի բովանդակությունը, որում մասնավորապես ասվում էր, որ հեռուստաընկերություններից միայն «Հ2»-ն է, որ կորցրել է հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու իրավունքը:
«Վերջին տարիներին մեր հ/ը սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, որը զուգորդվել է մեզ լռեցնելուն ուղղված բազմաթիվ և հետևողական քայլերով, մեզ մոտ կասկածի տեղ չի թողնում, որ վերոնշյալ որոշումն ամբողջապես տեղավորվում է նույն տրամաբանության մեջ»,- մասնավորապես գրված էր նամակում:
Նամակում նշված էր, որ ազատ և անաչառ, աշխատանքի 20-ամյա փորձ ունեցող հեռուստաընկերության եթերազրկումն աննախադեպ է ՀՀ պատմության մեջ:
«Դա լրջագույն հարված է խոսքի և մամուլի ազատությանը, և, որ ամենակարևորն է, ժողովրդավարությանը Հայաստանում: Հայկական 2-րդ հեռուստաալիքը օրենքով սահմանված բոլոր միջոցներով պայքարելու է, որպեսզի վերականգնի ՀՀ քաղաքացիների՝ ազատ և անաչառ տեղեկատվություն ստանալու՝ ժողովրդավարական հասարակության համար ազատ և անչափ կարևոր իրավունքը»,- գրված էր նամակում:
Նշվեց, որ տեքստը հանձնվելու է ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Շավարշ Գևորգյանը տեղեկացրեց, որ նույնաբովանդակ նամակներ են պատրաստվել ու այսօր անպայման ուղարկվելու են «Երևանի մամուլի ակումբին», «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին», «Մեդիա պաշտպան» հասարակական նախաձեռնությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին:
«Միջազգային կազմակերպություններից որևէ արձագանք չկա. մենք ուզում ենք շարժել այդ լռությունը»,- ասաց Շավարշ Գևորգյանը՝ հավելելով, որ իրենք նաև դատարան են դիմել, և դատարանը գործը վարույթ է ընդունել:
Նրա խոսքով՝ իրենք առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես կգան, և հեռուստաընկերության ղեկավար անձնակազմը բոլոր մանրամասներով բոլոր տեսակի հարցերին կանդրադառնա:
Մանրամասները՝ տեսանյութում