«Ձեր գործավարը զանգերով, խնդրանքներով քվորում է ապահովում». Անի Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին 65 անդամներից ներկա էին 35-ը: «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խնդրանքով դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին.
«Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Դուք գլխավորում էիք «Իմ քայլը» խմբակցության ցուցակը: «Իմ քայլը» ընտրվեց, Դուք դարձաք քաղաքապետ, որպես Երևանի քաղաքապետ, ամբողջ ավագանու ղեկավար՝ Ձեզ մի խնդրանք ունեմ, ուզում եմ երբևէ, 2.5 տարվա մեջ մի անգամ ապահովեք Երևանի 65 հոգանոց ավագանու 65-ով հավաքվելու գործընթացը: Ուզում եմ ճանաչել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այն անդամներին, որոնք երբևիցե չեն ներկայանում նիստերի: Նաև ուզում եմ հաշվապահությունից ստանալ այն հաշվետվությունները, թե նիստերին չներկայացող ավագանու անդամներն արդյոք փոխհատուցվո՞ւմ են, թե՞ ոչ: Կան ավագանու անդամներ, որոնք 4, 5, 6 անգամ բացակայել են և հեռացման խնդրի առաջ են կանգնած»:
Անի Խաչատրյանը հիշեցրեց, որ երևանցիները «Իմ քայլը» խմբակցությանը մեծամասնություն են տվել, որ ամիսը գոնե մեկ անգամ հավաքվեն մայրաքաղաքի համար կարևոր որոշումներ կայացնելու:
«Ոչ թե ամեն անգամ ընդդիմության մեկ-երկու անդամով քվորում ապահովեք, կամ Ձեր գործավարը, մնացած աշխատողները, եթե անհրաժեշտ է՝ կներկայացնենք ձայնագրությունները, թե ինչպես են միջանցքում զանգերով, խնդրանքներով քվորում ապահովում, ասում՝ եկեք, խնդրում եմ, քվորում չունենք: Ապահովեք, որ մի անգամ ավագանու 65 անդամները հանդիպեն»,- ասաց Խաչատրյանը: