«Բժշկությանն էլ նայեք՝ որպես բիզնես, բավականին լուրջ բիզնես է». Միքայել Մանրիկյան
«Այս դահլիճում, կարծես, մոռացության է մատնվում առողջապահական համակարգը, Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող մեր առողջապահական հիմնարկները». այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:
«Ցավում եմ, որ անցած տարվա չկատարած աշխատանքներից մնացած բավականին մեծ գումարի գոնե 2-3 տոկոսը չի ուղղվել մեր առողջապահական համակարգի զարգացման, նոր տեխնոլոգիաների, սարքերի գնման համար: Մենք ունենք շատ լուրջ կենտրոն՝ Նորք-Մարաշ ԲԿ-ն, որն այս պահին լուրջ ներդրումների կարիք ունի: Բժշկական ոլորտը, բացի նրանից, որ սպասարկում է հանրության առողջապահական կարիքները, կարող է լինել նաև լավ բիզնես, որպես ծրագիր՝ կարող է ապահովել լավ բիզնես եկամուտներ:
Այսօր Նորք-Մարաշ ԲԿ-ն ունի 7 մլն եվրոյի վարկ, որը մենք պետք է փակենք 2022-ին կամ 2023-ին: Ես գիտեմ, որ ԲԿ-ում կարիք կա ախտորոշիչ բաժանմունքում սարքավորումներ գնելու, այնտեղի փորձառու բժիշկներն ուղղակի Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ մնում են պետական բուժհաստատությունում, այնինչ կարող էին գնալ մասնավոր սեկտոր և երկու անգամ ավելի շատ աշխատավարձ ստանալ:
Այնտեղ 90-ականների տեխնիկա է դրված: Էն նախարարությունն (Առողջապահության նախարարություն) ինչ ուզեց՝ արեց, դուք էլ հնազանդի պես ընդունեցիք, դիսպանսերին պետպատվեր չտվեց, ընդունեցինք, լավ, բա մենք էսքան բյուջե ունենք, չդնե՞նք առողջապահական համակարգի համար: Բժշկությանն էլ նայեք՝ որպես բիզնես, բավականին լուրջ բիզնես է»,- ասաց Մանրիկյանը:
Ավագանու անդամը նաև պնդեց, որ մայրաքաղաքի բյուջեից պետք է գումար հատկացնել վերականգնողական կենտրոններին՝ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած տղաների բուժման համար: