Կասկածյալները Ն․ Ստեփանյան փողոցի մի բնակարանից գողություն են արել և տաքսիով շարժվել են Կենտրոն…
Փետրվարի 3-ին Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկում գողություն էին արել: Հարմարեցված գործիքով կամ բանալիով բացել էին բնակարանի դուռը, տունը տակնուվրա անելուց հետո հափշտակել հեռուստացույց, խմիչք, ժամացույց և կենցաղային իրեր:
Գողության մասին տանտերերը տեղեկացել էին իրավապահներից: Ոստիկաններն էին պարզել կատարվածը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց` իրավապահների աչալուրջ ու հետևողական աշխատանքի շնորհիվ:
Մինչ հիշյալ դեպքը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 33 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Վիլնյուսի, մյուսը Բագրատունյաց փողոցի բնակիչներ են, բնակարանային գողություններ են անում: Սակայն նրանց հանցափաստի մեջ մերկացնելու համար իրեղեն ապացույցներ էին պետք, փաստեր, որոնք հետո ի հայտ եկան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 3-ի գիշերը օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ կասկածյալները Նելսոն Ստեփանյան փողոցի մի բնակարանից գողություն են արել և տաքսիով շարժվում են Կենտրոն վարչական տարածք: Համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ՝ քրեական հետախույզները Աբովյան փողոցում հայտնաբերեցին նշված տաքսին: Տղամարդիկ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Պարզվել է, որ նշվածից զատ նրանք հունվարի 28-ին Երևանի Նազարբեկյան թաղամասի մի բնակարանից հեռուստացույց, մուշտակ ու կենցաղային իրեր էին հափշտակել:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Բերման ենթարկվածները ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ձերբակալվել:
Քննությունը շարունակվում է: